Մարսելում բողոքել են Իլհամ Ալիևի Ֆրանսիա կատարած այցի դեմ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ֆրանսիա այցին ընդառաջ Մարսելում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը տեղի հայկական եկեղեցու մոտ կազմակերպել էր բողոքի ակցիա`ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, ակցիային մասնակցել է շուրջ 200 մարդ, ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական գործիչներ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Մարսելի նահանգային խորհրդի ղեկավար Էլիան Կազանջյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին է փոխանցվելու բազմաթիվ գործիչների կողմից ստորագրված նամակը, որով կոչ է արվելու կատարել հստակ գործողություններ, որոնց միջոցով արդարություն կհաստատվի հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովի պատիժը կրելու հարցում:
Ակցիային ներկա են եղել Հայոց ցեղապանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ, Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն, Մարսելի փոխքաղաքապետ Ռոլան Բլումը, Մարսելի քաղաքապետարանի ավագանու անդամներ՝ Դիդյե Փարաքյանը, Ֆրոլանս Մարսը և այլք:
Մարսելի քաղաքապետարանի ավագանու անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի անդամ Պասկալ Շամասյանը հայտարարել է, որ իրենց պայքարը երկարատև է լինելու: «Մենք կոչ ենք անում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպաններին իրենց զայրույթը հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և դատապարտել Ադրբեջանի քայլը»,- ասել է Շամասյանը:
Սեպտեմբերի 18-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև, տեղի ժամանակով ժամը 18:00-ին, տեղի է ունենալու բողոքի հզոր ակցիա, որին մասնակցելու են բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ: Հայերն ու ֆրանսիացիներն իրենց դժգոհությունը կարտահայտեն ինչպես Ադրբեջանի վարած քաղաքականության, այնպես էլ Ալիեւին Ֆրանիայում ընդունելու որոշման առնչությամբ: «Ֆրանսիան մարդկային իրավունքների, արդարության եւ ժողովրդավարության երկիր է եւ չպետք է ոճրագործ Սաֆարովի ազատ արձակումից հետո Ադրբեջանի նախագահին ընդունել Ֆրանսիայի նման երկրում»,-նախօրեին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: