4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 7-ին այցելեց «Սիս նատուրալ» ընկերության գործարան՝ ծանոթանալու արտադրական գործընթացներին և ծրագրերին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) կողմից ընկերությունում իրականացվել է 400 մլն դրամի ներդրում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀԳՏՏԶՀ ղեկավար Տիգրան Խանիկյանը, 245 մլն դրամն ուղղվելու է շրջանառու միջոցների ավելացմանը, իսկ 155 մլն-ը՝ հիմնական միջոցների համալրման և ընթացիկ նորոգման համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով` նման ծրագրերը մեծապես նպաստում են վերամշակող ընկերությունների զարգացմանը: «Հիմնադրամն արդեն իսկ մի շարք ներդրումային ծրագրեր հավանության է արժանացրել և օգնել ընկերություններին ավելացնել արտադրական ծավալները, արտահանման քանակը: ՀՀ կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել նման զարգացող ընկերություններին»,- ասաց նախարարը:
Ներդրումների շնորհիվ «Սիս նատուրալ»-ը ձեռք է բերել ասեպտիկ պարկերի լիցքավորման հոսքագիծ, որը հնարավորություն է տալիս վերամշակել տեղական շուկայից մթերած մրգերը, բանջարեղենը և արտադրությունում օգտագործել ամբողջ տարվա ընթացքում` փոխարինելով արտասահմանից ներկրվող նմանատիպ հումքին:
2012 թվականի ութ ամիսների ընթացքում ընկերության արտահանման ծավալները կազմել են 379 մլն դրամ, որը տասը տոկոսով գերազանցում է նախորդ տարվա արտահանման ծավալները: Արտահանման ծավալների մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը: Արտադրանքն իրացվում է նաև ԱՊՀ այլ երկրներում, Վրաստանում, ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում: Ընկերությունը նախատեսում է 2012-ին արտահանման ծավալները հասցնել մինչեւ 500 մլն դրամի:
«Սիս նատուրալ»-ը բնական հյութերի հետ մեկտեղ սկսել է արտադրել նաեւ բանջարեղենային պահածոներ և մրգային մուրաբաներ: Ընկերությունն ունի 100 աշխատողներ, որոնցից 70 տոկոսը կանայք են: Իրացման ծավալների ավելացմանը զուգահեռ նախատեսվում է 50 տոկոսով ավելացնել աշխատակիցների քանակը՝ այն հասցնելով 150-ի:
Ընկերությունը հումքի գնումները կատարում է ինչպես արտասահմանյան մատակարարներից, այնպես ել տեղական շուկայից: 2012 թվականին «Սիս նատուրալ»-ը տեղական շուկայից մթերել է 200 տոննա ծիրան, 160 տոննա դեղձ, 20 տոննա բալ, 20 տոննա ելակ, 40 տոննա մասուր, 300 տոննա նուռ:
ՀԳՏՏԶՀ կողմից ֆինանսավորված հինգ ընկերություններում ներդրումային նախագծերի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ 647 մլն դրամ: Այնառաջին ներդրումային հիմնադրամն է Հայաստանում, որը նորարարական ֆինանսական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղմթերքների վերամշակման ոլորտում գործող ընկերություններում:
ՀԳՏՏԶՀ-ն ֆինանսավորում է այն ընկերություններին, որոնք ընդգրկված են հետևյալ թիրախային ոլորտներում` գյուղմթերքների վերամշակում և պահածոյացում, կաթնամթերքի արտադրություն, գինեգործություն և ձկնաբուծություն: