Հայաստանում լրագրողը Ռասմուսենից հետաքրքրվել է, թե ինչպես է սեղմելու Ալիեւի ձեռքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում լրագրողը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենից հետաքրքրվեց, թե ինչպես է սեղմելու ձեռքը այն նախագահի, ով ստորագրել է միայն հայ լինելու համար սպայի սպանած սրիկայի ներումը: Ռասմուսենը տարածաշրջանային այցի շրջանակում Բաքվում կլինի սեպտեմբերի 7-ին: «Երբ ես հանդիպեմ Ադրբեջանի նախագահին, նրան կփոխանցեմ բավական պարզ եւ ակնհայտ ուղերձ: Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի որոշմամբ` բանակի սպա Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Այդ ահավոր եւ ողբերգական միջադեպը, որ տեղի է ունեցել ութ տարի առաջ, հանցագործություն էր եւ չպետք է փառաբանվի, այլ` ընդհակառակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով` տարածաշրջանում չպետք է լինի վերադարձ հակամարտությանը: «Ընդհակառակը` անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը, անհրաժեշտ է տարածել խաղաղություն եւ համագործակցություն, հաշտեցում: Ես այդ ուղերձը հստակորեն կփոխանացեմ»,- ասաց նա:

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հայերեն English