1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիր քաղաքի Մենդերես ավանին կից Ահմեդբեյլի բնակավայրի մոտ անլեգալ ճանապարհով 102 գաղթականներ տեղափոխող նավը խորտակվել է: Նավում գտնվող մարդկանցից միայն 51-ն են փրկվել, հայտնաբերվել է 20 մարդու դիակ, մնացածներն անհետ կորած են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:
Նշվում է, որ գաղթականները, ովքեր Իրաքի եւ Սիրիայի քաղաքացիների են, ցանկանում էին անօրինական ճանապարհով անցնել Եվրոպա: Փրկված գաղթականները պատմել են, որ խորտակման ժամանակ նավի ստորին հատվածում մեծ թվով մարդիկ են մնացել: Ձկնորսական նավը Իզմիրի նավահանգստից դուրս գալուց անմիջապես հետո բախվել է ափամերձ ժայռեռին եւ խորտակվել: Թուրքիայի անվտանգության մարմիններին հաջողվել է ձերբակալել գաղթականների փոխադրումը կազմակերպած երկու անձանց:
Թուրքիան Մերձավոր Արեւելքից դեպի Եվրոպա մարդկանց անօրինական տարանցման երկիր է: Եվրամիությունը բազմիցս զգուշացրել է Թուրքիայի ղեկավարությանը` սահմաններն ամրապնդելու եւ մաքսանենգ փոխադրումներին վերջ դնելու համար: ԵՄ-ը Թուրքիայից պահանջում է նաեւ իր տարածքով ապօրինաբար Եվրոպա անցած փախստականներին հետ ընդունելու մասին համաձայնագիր ստորագրել: