Մեկնարկում է Մոսկվայի գրքի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որի հատուկ ցուցորդը Հայաստանն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 5-ին մեկնարկում է Մոսկվայի գրքի 25-րդ միջազգային հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը, որին ավելի քան 1,5 հազար ցուցորդներ են մասնակցում 45 երկրներից: Նրանք Մոսկվայում կներկայացնեն ավելի քան 200 հազար գիրք: Տոնավաճառի պատվավոր հյուրն այս տարի Ֆրանսիան է, իսկ հատուկ ցուցորդը` Հայաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Մամուլի եւ զանգվածային հաղորդակցությունների համերկրային գործակալության փոխղեկավար Վլադիմիր Գրիգորեւը:

Ընդգրկուն ծրագիր է պատրաստել ցուցահանդեսի գլխավոր ցուցորդը` Հայաստանը: Հիշեցնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հայտարարել է գրքի 2012 թվականի համաշխարհային մայրաքաղաք եւ այս տարի նշվում է հայկական գրատպության 500-ամյակը, գործակալությունը նշում Է, որ տոնավաճառի այցելուները կկարողանան ծանոթանալ ազգային հեղինակների նորույթների հետ, նրանց հանդիպումներ են սպասում Հայաստանի եւ Ռուսաստանի գրողների ու հրատարակիչների հետ:

Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառն առաջին անգամ անցկացվել է 1977 թվականին: Մինչեւ 1997 թվականը ցուցահանդեսը տեղի էր ունենում երկու տարին մեկ անգամ, իսկ այնուհետեւ դարձավ ամենամյա:

Կազմակերպիչներն ակնկալում են, որ այս տարի ստուգատեսի օրերին ցուցահանդես կայցելի շուրջ 200 հազար մարդ:

Հայերեն Русский