Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ Ուելսի ընտրանու նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` արդեն հանդիպման մեկնարկում` 6-րդ րոպեին, մեր թիմն ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Երկրորդ կեսում ՀՀ ընտրանին ևս մեկ 11 մետրանոցի իրավունք վաստակեց, սակայն այս անգամ նույն Համբարձումյանը վրիպեց: Մինչ խաղավարտ մեր երիտասարդ ֆուտբոլիստները կարողացան պահպանել հաղթական հաշիվը:
Այս հաղթանակից հետո մեր խմբի մրցաշարային աղյուսակում Հայաստանն ամրապնվեց երկրորդ հորիզոնականում: Առաջին տեղը 16 միավորով զբաղեցնում է Չեխիայի ընտրանին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել մեր թիմից: Հայաստանն ունի 14 միավոր, Ուելսը` 10, Մոնտենեգրոն` 9, Անդորրան` 0 միավոր: Այսպիսով, ՀՀ հավաքականը շատ մոտ է Եվրո-2013-ի փլեյ-օֆ փուլ դուրս գալուն: Մեր թիմին մնացել է անցկացնել մեկ հանդիպում` սեպտեմբերին Մոնտենեգրոյի հետ: Վերջինս իր համար մրցաշարային որևէ խնդիր այլևս չի լուծում: Եվրո-2013-ի եզրափակիչ փուլի 7 ուղեգրի տերերը կորոշվեն փլեյ-օֆֆում, որտեղ հանդես գալու իրավունք կստանան ընտրական մրցաշարի 10 խմբերի հաղթողները եւ լավագույն 4 երկրորդ տեղ գրաված թիմերը: Ներկա դրությամբ Հայաստանի ընտրանին իր արդյունքներով ընդգրկված է բոլոր խմբերի լավագույն 4 հավաքականների թվում: Եթե Հայաստանը հաղթանակով ավարտի Մոնտենեգրոյի հետ մրցավեճը, ապա, ամենայն հավանականությամբ, դուրս կգա փլեյ-օֆֆ: