Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ ագրեսիայի դեպքում Հայաստանը գործի կդնի ԶՈւ կիրառման նախապես մտածված պլանը. Սեյրան Օհանյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես հայ քրիստոնյա, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պատկերում է խաչի տեսքով` ուղղահայաց եւ հորիզոնական դասավորվածությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես օգոստոսի 14-ին բազեականների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց նախարարը, Հայաստանի համար ինքը բարենպաստ է համարում «ուղղահայաց դասավորվածությունը», որի ներքո Սեյրան Օհանյանը նկատի ունիՀայաստանի գործակցությունըՌուսաստանի Դաշնության, Վրաստանի, Իրանի հետ, իսկ որպես «հորիզոնական դասավորվածություն» նախարարն առանձնացնում է Հայաստանի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ խնդիրները:
Նախարարի դիտարկմամբ` Իրանի հետ կապված իրադարձությունները Հայաստանի համար երկու ձեւով կարող են զարգանալ: Նրա կարծիքով` անգամ փոքր բախումների դեպքում Հայաստանը կարող է ունենալ սահմանային խնդիրներ, փախստականներ, իսկ դա նշանակում է, որ սահմանային ծառայությունը պետք է ուժեղացվի:
«Իսկ եթե դրանից օգտվեն մեր հարեւանները, ԼՂՀ տարածքում բախում լինի, Ադրբեջանի կողմից ագրեսիա սկսվի ԼՂ-ի դեմ, ապա մենք դրա ուղղությամբ էլ ունենք զինված ուժերի կիրառման պլանը»,- հավաստիացրեց նախարարը: «Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի երաշխավորն է եւ պարտավոր է ապահովել նրանց անվտանգությունը` ԼՂՀ պաշտպանության բանակի հետ միասին: Ընդ որում` հայկական զինուժի ամենահզոր զորամիավորումը Ղարաբաղի պաշտպանության բանակն է: Ես բախտ եմ ունեցել եւ իմ հպարտությունն է այն, որ շուրջ քսան տարի ծառայել եմ Ղարաբաղի բանակում, որից ութ տարին այնտեղ ղեկավար եմ եղել»,- ասաց Սեյրան Օհանյանը: