ԼՂՀ Պաշտպանության բանակն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ստահոդ հայտարարություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը: ԼՂՀ ՊԲլրատվության եւ քարոզչության բաժնի`«Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրության մեջ նշվում է, որ օրերս ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հյուսված հերթական հեքիաթն առ այն, թե իբր այդ երկրի պաշտպանության նախարար Ս. Աբիևի անմիջական ղեկավարությամբ մշակված ռազմագործողության արդյունքում հուլիսի 27-ին Մռով սարի ուղղությամբ գրավել են ռազմավարական նշանակության մի բարձունք, իսկ այստեղ եղած հայ զինվորներից շատերը իբր կամավոր գերի են հանձնվել իրենց, ոչ այլ ինչ է, քան հիվանդ երևակայության արգասիք: Ավելին, նշված տեղեկատվության բովանդակությունից կարելի է եզրահանգել, որ ինչպես տվյալ հեղինակը, այնպես էլ այդ տեղեկությունը տրամադրած Ադրբեջանի պաշտպանության նախարարության «գաղտնի աղբյուրը» ոչ միայն չունեն տարրական ռազմավարական ու մարտավարական մտածողություն, այլև զուրկ են գոնե աշխարհագրական դիրքը պատկերացնելու ունակությունից: Զավեշտալի է, երբ հոդվածագիրը, հղում անելով այսպես կոչված տվյալ «ռազմագործողությանը» մասնակից սպաներից մեկի վկայությանը, նշում է, թե «գրավված» բարձունքից լավ երևում են «Աղդարան» (Մարտակերտը) և «Քելբաջարը» (Քարվաճառը) և այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում խորքում»:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ իրականում, նախ` ադրբեջանական կողմը բարձունք է զբաղեցրել ոչ թե իր նախկին դիրքի առաջնամասում, այլև`թիկունքում: Երկրորդ` այսպես կոչված «ռազմագործողության» արդյունքում նույն այդ «գրավված» դիրքում ադրբեջանական բանակը ոչ թե, ինչպես իրենք են հաղորդում, կորուստներ է պատճառել հայկական զինուժին, այլև հակառակը, միայն հուլիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում հենց իրենք են տվել 1 զոհ և 2 վիրավոր: Երրորդ` «գրավված» բարձունքից ոչ միայն հնարավոր չէ տեսնել Մարտակերտը կամ Քարվաճառը, այլև այն բացի ադրբեջանական քարոզչության կողմից հորինված և սեփական ժողովրդին արհեստականորեն ոգևորելու դատարկախոսություն լինելուց, որևէ կոնկրետ ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի:

«Ինչպես միշտ, այս անգամ ևս ադրբեջանական պրոպագանդան, փորձելով իրեն հատուկ ոճով ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն, տակավին հայտնվել է իր համար արդեն սովորական դարձած խղճուկ վիճակում: Մի իրողություն, որից դուրս գալու համար հարևան, բայց ոչ բարյացակամ երկրի պետական ու ոչ պետական քարոզչամիջոցներին անհրաժեշտ է ապավինել ոչ թե դատարկ երևակայությանը, այլև դեպքերի իրական զարգացմանը: Հակառակ դեպքում կարծեցյալ օպերացիաների մշակ գեներալ Աբիևի զինվորները «գրավված» բարձունքներից հնարավոր է տեսնեն ոչ թե Մարտակերտն ու Քարվաճառը, այլև` իրենց գերագույն գլխավոր հրամանատարի նստավայր Բաքուն:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA