ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներն ու կրակոցները չեն դադարում: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը, կառավարական զորքերն ու ընդդիմադիրներից յուրաքանչյուրն իր դիրքերն է ամրապնդել երկրում: Ինչ վերաբերում էՀալեպում բնակվող հայերին, ապա նրանց վիճակը շարունակում է մնալ նույնը. բախումները հայկական թաղամասեր չեն հասել եւ հայկական թաղամասերը, բարեբախտաբար, ընդհարումների թատերաբեմ չեն դարձել: «Մեր ազգային, հոգեւոր իշխանության պատասխանատուները շարունակում են իրենց հսկողությունը` սիրիահայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Արդեն ձեւավորվել է արտակարգ վիճակների համար նախատեսված մարմին, որն օգնում է մարդկանց, եւ ոչ միայն հայերին, ովքեր լքել են իրենց բնակարանները, ապաստանել այլ վայրերում»,-ընդգծեց առաջնորդարանի մամլո խոսնակը: Սիրիահայ համայնքը ջանք չի խնայում նաեւ ապահովելու հայկական եկեղեցիների եւ հուշարձանների անվտանգությունը:
«Հայկական ոչ մի եկեղեցի, կոթող, բարեբախտաբար, չի տուժել եւ չի վնասվել, սակայն սառել է քաղաքի կյանքը, երթեւեկությունը, կան տնտեսական դժվարություններ, որոնք խոչընդոտում են նաեւ հայկական գաղութի ապրելակերպը: Մենք ապրում ենք հույսով, որ ամեն ինչ ավելի չի բարդանա եւ ամեն բան կավարտվի»,-նշեց Ռեիսյանը: Մամլո խոսնակն անդրադարձավ նաեւ գաղթականներին դպրոցներում տեղավորելու խնդրին` շեշտելով, որ օգտագործվում են միայն Սիրիայի պետական դպրոցները: «Երկու-երեք հայկական դպրոցները հազարավոր սիրիական դպրոցների դիմաց չնչին թիվ են, սակայն անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն նաեւ հայկական ուսումնական հաստատությունների տարածքները»,-նշում է նա:
Ռեիսյանը մտահոգություն է հայտնում, որ սիրիահայերի հայրենադարձությունը կարող է դժվարություններ առաջացնել նրանց ինտեգրման գործում, բացի դրանից, «սիրիահայերը չեն ցանկանում Սիրիայի հայկական գաղութը ոչնչացված տեսնել»:
Մարդու իրավունքների հետազոտության սիրիական կենտրոնի տվյալներով` այդ երկրում 2011թ-ի մարտ ամսից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 19 հազար մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների` զոհվածների թվում շուրջ 12 հազար խաղաղ քաղաքացիներ են, իսկ ավելի քան 5 հազարը`անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են եղել նաեւ յոթ հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: