1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 25 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասֆալտապատման աշխատանքները եւ փոսային նորոգումները Սեւանում մեկնարկել են դեռեւս այս գարնանը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից՝ այս տարի համայնքային բյուջեից շուրջ 50մլն դրամ է հատկացվել այդ աշխատանքների համար: Ասֆալտածածկույթն ընդգրկել է 8200 քմ մակերես: Աշխատանքները կատարվել են 13 փողոցներում: Ընթացիկ տարում, համայնքային բյուջեի հատկացումներին զուգահեռ, Սեւանում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում է իրականացվում նաեւ Գեղարքունիքի մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում: Սեւանի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ծրագրի 3-րդ փուլով հատկացված նպատակային գումարներից տրամադրվել է 68 մլն դրամ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից տեղեկացրին, որ այդ միջոցների հաշվին կատարված ասֆալտապատումն ընդգրկում է 9 483 քմ տարածք: 4սմ հաստությամբ միաշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում եւ փոսային նորոգումներ են կատարվել ու կատարվելու Կարմիր Բանակի, Խաղաղության, Գործարանային փողոցներում: Նշված աշխատանքներն իրականացվում են «Սեւանի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների կողմից: