Իրան

Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

2 րոպեի ընթերցում

Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ է որակել իրանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները Իրանի հետ  համաձայնագրի նախագծի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանն ու գրավոր համաձայնեցված պայմաններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social հարթակի իր էջում։

ԱՄՆ նախագահի պարզաբանմամբ՝ իրանական լրատվամիջոցների պնդումները, այդ թվում՝ համաձայնության հասնելու վերաբերյալ, իրականության հետ որևէ կապ չունեն: Իր գրառման մեջ Թրամփը միաժամանակ Հորմուզի նեղուցից դուրս եկող հնդկական նավերին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ է մեղադրել  Իրանին՝ բացարձակապես անընդունելի համարելով դա:

Իրանական Mehr լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը բաղկացած է 14 կետից, որոնց թվում է Հորմուզի նեղուցի բացումը, նավթի վաճառքի հետ կապված պատժամիջոցների վերացումը։

Ըստ գործակալության՝ փաստաթուղթը ներառում է հետևյալ համաձայնեցված դրույթները՝ բոլոր ճակատներում մարտերի անհապաղ դադարեցում, այդ թվում՝ Լիբանանում, 30 օրվա ընթացքում ծովային շրջափակման վերացում և ԱՄՆ ուժերի դուրսբերում Իսլամական Հանրապետությանը սահմանակից տարածքներից, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագրերի ներկայացում, իրանական նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների դադարեցում։

Բացի այդ, ըստ փաստաթղթի, Իրանը և ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում կանցկացնեն միջուկային հարցի շուրջ բանակցություններ, որոնց արդյունքներով կստորագրվի համաձայնագիր։

Ըստ գործակալության՝ միջուկային հարցի շուրջ բանակցություններ սկսելու համար Իրանը որպես պայման է առաջադրել 12 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցումը, շրջափակման վերացումը և նավթային պատժամիջոցների դադարեցումը։

Այնուամենայնիվ, Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանում «դիմադրության առանցքի» ուժերի աջակցության հարցերը չեն ներառվել ԱՄՆ-Իրան հուշագրի տեքստում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում