3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը առնչվելու է ողջ հանրությանն ու նրա յուրաքանչյուր անդամին: Հուլիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Այս ծրագիրը քայլերի ամբողջություն է` ավելի լավ Հայաստան, կայացած դատական, իրավական համակարգ ունենալու համար, որը զերծ է լինելու կոռուպցիոն ռիսկերից եւ բյուրոկրատական քաշքշուկներից: Նման ծրագրին դեմ լինելը նշանակում է` դեմ լինել Հայաստանի զարգացմանը, առկա մարտահրավերների հաղթահարմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց նախարարը: Նրա խոսքով` ծրագրի առանձահատկություններից մեկը նրա համընդգրկուն բնույթն է, որը ներառում է փաստաբանությունը, նոտարիատը, քրեակատարողական համակարգը: Այստեղ առաջին անգամ զետեղված են իրավաբանական կրթության մասին դրույթներ:
«Մենք անկեղծ ենք նայում մեր երկրում առկա խնդիրներին, դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում դրանց մասին: Ներառել ենք այն հարցերը, որոնց վրա ուշադրություն է դարձրել հասարակական հատվածն ու մամուլը: Ծրագրի գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանություններն են»,- նշեց Թովմասյանը: Նրա խոսքով` ամբողջ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մի քանի տասնակ միլիոն դոլար, սակայն բուն օրենսդրական ակտերը մեծ գումարներ չեն պահանջում, որը բյուջետային, գրանտային միջոցներով հնարավոր է իրականացնել: Նախարարը վստահեցրեց, որ ամեն բան արվելու է, որ որեւէ վարկային միջոց այս ծրագրի իրականացմանը չներգրավվի:
ՀՀ Նախագահի իրավական հարցերով օգնական Գեորգի Կուտոյանն էլ նկատեց, որ այս ծրագիրը տարբերվում է իր մշակման եւ ընդունման ընթացակարգով, քանի որ անդրադառնում է խնդիրների առավել լայն շրջանակի: «Իր գաղափարախոսությամբ եւ տրամաբանությամբ ծրագիրը մեկ ամբողջություն է կազմում եւ որեւէ կետի ոչ ժամանակին իրականացումը վտանգելու է ամբողջ ծրագիրը: Մենք վստահ ենք, որ ծրագրի պատշաճ իրականցման արդյունքում կձեւավորվի իրավական համակարգ, որը պահանջարկին համապատասխան կլուծի իր առջեւ դրված խնդիրները»,-նշեց Կուտոյանը: