ԵԱՀԿ ԽՎ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակներին ուղիղ քննարկումների է հրավիրում
9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Մոնակոյում կայացած լիագումար նստաշրջանի ընթացքում այս տարվա հուլիսի 9-ին ԵԱՀԿ ԽՎ նախագահ է ընտրվել իտալացի Ռիկարդո Միլյորին: Նա այս պաշտոնում փոխարինեց ազգությամբ հույն Պետրոս Էֆթիմիուին: Այս պաշտոնում Միլյորին առաջին հարցազրույցը տվեց «Արմենպրես»-ին: ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ զրուցեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և դրանում խորհրդարանական դիվանագիտության դերի մասին:
- Պարոն նախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելուց դուք հայտարարել եք, որ ձգձգված հակամարտությունների կարգավորումնառաջնահերթություն է: Որո՞նք են առաջին քայլերը, որ նախատեսում եք ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն օժանդակելու համար:
- ԵԱՀԿ-ն իր համապարփակ անվտանգության կոնցեպցիայով և անդամների լայն շրջանակով ձգձգված հակամարտությունների կարգավորմանը նպաստող լավագույն միջազգային ֆորումն է: ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահությունն այս տարի հակամարտությունների կարգավորումը հռչակել է իր կարևորագույն առաջնահերթություններից մեկը և որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ, ես նույնպես կանեմ ամեն հնարավորը` ընթացող գործընթացներին նպաստելու համար, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին, որն այս հակամարտության կարգավորման հիմնական գործիքն է: Ես անկեղծորեն հավատում եմ, որ խորհրդարանական մակարդակում շարունակական երկխոսությունը կարող է նպաստել խնդիրների կարգավորմանը: Մտադիր եմ անձամբ հրավիրել երկու երկրների խորհրդարանների խոսնակներին ԵԱՀԿ ԽՎ առաջիկա հանդիպումներից մեկին և օգտագործել այս հարթակն ուղիղ քննարկումների համար: Ես լավ հարաբերություններ ունեմ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հետ և պատրաստվում եմ հետագայում էլ աշխատել նրանց հետ:
Մինսկի խումբը չի կարող լուծում պարտադրել կողմերից որևէ մեկին, նրանք պետք է գան համաձայնության: ՈՒստի լուծումը պետք է լինի փոխզիջման միջոցով, սակայն ակնհայտ է, որ առաջընթացի միակ ճանապարհը խաղաղ կարգավորումն է: Համանախագահները վերջին անգամ աշնանը հանդիպում ունեցան ԵԱՀԿ ԽՎ-ում, նրանք ելույթ ունեցան վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում և պատասխանեցին հարցերին: Սա շատ կարևոր մտքերի փոխանակում էր: 2014թ-ին ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանը տեղի կունենա Բաքվում, ինչն առավել կընդգծի հակամարտության, դրա հետևանքների վերացման մեջ խորհրդարանների դերի կարևորությունը:
Կարծում եմ, որ Թուրքիան պետք է ներգրավվի իմաստալից կերպով, որպեսզի նրա մասնակցությունն օժանդակի կողմերին խաղաղության բանակցություններում առաջընթաց արձանագրելու: Այս տարածաշրջանում և այլուր սպորտը կարևոր դեր է խաղացել դիվանագիտական երկխոսություն և երկրների պատմական տարաձայնությունները հարթելու համար: Այս ամռանն Օլիմպիական պաշտոնյաները ևս պետք է հաշվի առնեն սպորտային դիվանագիտությունը` բանակցություններին նպաստելու համար:
- Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մի երկիր, որը բացահայտ կերպով հայտարարում է, որ այս հակամարտության դեպքում պաշտպանում է կողմերից մեկին` Ադրբեջանին, կարողանա դրական դեր խաղալ բանակցություններում:
- Չեմ կարծում, որ այս փուլում Մինսկի գործընթացի ձևաչափը պետք է փոխվի: Այնուամենայնիվ, խաղաղ կարգավորմանը, սահամանները բացելու և տնտեսական զարգացման հասնելու համար, անհրաժեշտ է, որ Թուրքիան լինի գործընթացի մաս: Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը (rapproachment) մի քանի տարի առաջ բավականին դրական քայլ էր: Ցավալի է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցվել է:
- Ձեր կարծիքով, ի՞նչ դեր է խաղում հակամարտությունների կարգավորման գործընթացում խորհրդարանական դիվանագիտությունը: Պատրաստվո՞ւմ եք արդյոք խորհրդարանական կամ քաղաքացիական հասարակության մակարդակում հանդիպումներ կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:
- Միջկառավարական դիվանագիտությունն առաջնային է, սակայն խորհրդարանական դիվանագիտությունը ևս կարևոր է: Երբ կապեր են հաստատվում խորհրդարանների միջև, դա նշանակում է, որ կապեր են հաստատվում նաև ժողովուրդների միջև: Նախ և առաջ մենք պետք է շարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին և վերջինիս ներգրավվածությանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու համար: Բանակցությունների որոշակի կետում լուծումը կներկայացվի երկու երկրների ժողովուրդներին, իսկ խորհրդարանականները ներկայացնում են ուղղակի կապ քաղաքական համակարգի և իրենց ընտրողների միջև: Խորհրդարանականները պատասխանատվություն ունեն քաղաքական որոշումները ժողովուրդներին հասցնելու և խաղաղ բանակցություններն առաջ տանելու հարցում: Այս կերպ խորհրդարանի անդամները կարող են օգնել հակամարտությունների լուծման հարցում, ինչպես նաև հետագայում այդ լուծումն իրականությունն դարձնելու հարցում: Խորհրդարանական դիվանագիտությունը զարգացնում է կարգավորման գաղափարները և կարող է օգնել հանրությանը խաղաղության համար պատրաստելու հարցում: Սա է կարևորը:
- Ձեր կարծիքով ո՞րն է կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի դերը` որպես հակամարտության կողմ: Ձեր կարծիքով արդյո՞ք այն պետք է դառնա բանակցային կողմ:
- Մինսկի խմբի բանակցային ձևաչափը հաստատվել է ավելի վաղ և կարծում եմ, որ սխալ կլիներ այն փոփոխել ներկայում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ կարևոր կլինի հաստատել երկխոսություն Լեռնային Ղարաբաղի բնակչության և ադրբեջանցի փախստականների միջև: Որպես խորհրդարանականներ մենք անպայման պետք է խոսենք ներգրավված և շահագրգիռ բոլոր կողմերի հետ, և հենց սա է այն հարթությունը, որտեղ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է փոփոխություններ բերել:
- Վերջերս ԵԱՀԿ միջնորդներն առաջարկել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել: Սակայն այդ առաջարկը միակողմանիորեն և պարբերաբար մերժում է կողմերից մեկը, մինչդեռ մյուսները տվել են իրենց համաձայնությունը: Ինչպե՞ս եք գնահատում նման մոտեցումը: Չեք կարծո՞ւմ, որ միջազգային հանրությունը պետք է ուղղակի ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ` սահմանային բռնությունները դադարեցնելու նպատակով:
- Վերջին շրջանում լարվածության աճը և ողբերգական միջադեպերը շփման գծում խիստ մտահոգում են ԵԱՀԿ-ին: Դրանք ցույց են տալիս, որ հակամարտությունը հեռու է սառեցված լինելուց և որ ստատուս-քվոն չի կարող պահպանվել: Մենք պետք է փոփոխություններ բերենք: Եվ Հայաստանը, և Ադրբեջանն ունեն խնդրի կարգավորման կարիքը: Ես լիովին աջակցում եմ հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որը կօժանդակի ճշմարտության և վստահության հաստատմանը: Այս նպատակին հասնելու համար ճնշում գործադրվում է, և այն պետք է շարունակվի: Մեկ այլ շատ կարևոր քայլ կլիներ դիպուկահարների հետ քաշումը:
- Ծրագրո՞ւմ եք արդյոք այցելել Հարավային Կովկաս, և եթե այո, ապա կարող եք նշել մոտավոր ժամկետներ:
- 2008թ-ից ի վեր տարածաշրջան այցելել եմ հինգ անգամ և անհամբերությամբ սպասում եմ ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում Հարավային Կովկաս կատարելիք այցին: Մեկ շաբաթից քիչ է, ինչ զբաղեցնում եմ այս պաշտոնը և դեռ վաղ է խոսել նման այցի ժամանակացույցի մասին, սակայն քանի որ տարածաշրջանում ԵԱՀԿ-ի աշխատանքն ինձ համար առաջնահերթություն է, ապա կարծում եմ, որ այս տարվա ընթացքում անպայման կայցելեմ տարածաշրջան:
Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի