3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 16-ին ընդունել է Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունել է կարդինալի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արձանագրելով, որ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է Մայր Աթոռի և Վատիկանի միջև կրթական և սոցիալական ոլորտներում առկա արդյունավետ համագործակցության կարևորությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշել է իր հանդիպումները Հովհաննես Պողոս Բ երջանկահիշատակ պապի և Հռոմի Բենեդիկտոս ԺԶ քահանայապետի հետ: Ապա, անդրադառնալով նաև կարդինալ Սանդրիի հետ ունեցած հանդիպումներին, Նորին Սրբությունը բարձր է գնահատել նրա առանձնահատուկ վերաբերմունքը հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ:
Խոսելով քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծել է, որ Քրիստոսի Եկեղեցին պետք է սիրո միության մեջ լինի` պատմական զարգացումների արդյունքում ձևավորված արժեքային համակարգերի լիարժեք, անխաթար պահպանությամբ, ինչը կնպաստի քրիստոնեական առաքելության հաջող իրագործմանը:
Հանդիպման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարդինալ Սանդրիի միջոցով եղբայրական սերն ու ողջույններն է փոխանցել Հռոմի Սրբազան Քահանայապետին:
Իր հերթին, կարդինալ Սանդրին ևս ուրախություն է հայտնել հանդիպման առիթով և անդրադարձել է Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դրանք ավելի կսերտանան ու կզորանան: Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է նաև Բենեդիկտոս ԺԶ պապի ջերմ ողջույնները:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: