Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է ուկրաինացի ճանաչված ռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովը

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է ուկրաինացի ճանաչված ռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է ուկրաինացի ճանաչված ռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովը: Նրա «Պարողի ժամանակը» ֆիլմի երեւանյան պրեմիերան կայացավ կինոփառատոնի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աբդռաշիտովը նշեց, որ ինքը չափազանց ուրախ է, որ Երեւանում է եւ մասնակցում է այս փառատոնին: «Իսկապես հրաշալի է կազմակերպված: Ամեն ինչ արված է, որպեսզի հյուրերն իրենց հնարավորինս լավ զգան»,- ասաց նա: Նրա խոսքով` կինոփառատոնը վստահաբար տոն է նաեւ երեւանցիների համար, քանի որ հնարավոր է տեսնել ժամանակակից կինոյի լավագույն նմուշները: «Հրաշալի եւ հմայիչ քաղաքում լավ կինոփառատոն է անցկացվում»,- ասաց նա:

«Պարողի ժամանակը» ֆիլմում 1997 թ-ի ռուսաստանյան արտադրության լիամետրաժ խաղարկայինի իրադարձությունները տեղի են ունենում կայսրության ծայրամասում (վայրը դիտավորյալ չի նշվում), որտեղ քաղաքացիական պատերազմն ավարտված է, իսկ հերոսները փորձում են խաղաղ կյանքով ապրել: Սակայն պատերազմը չի ուզում հեռանալ նրանց կյանքից. Չափազանց շատ ճակատագրեր են խորտակվել այդ «չնչին պատերազմում»: Կան եւ հաղթողներ, եւ պարտվողներ: Ռեժիսորը նշեց, որ մի օր կավարտվի պատերազմը եւ կյանքը կշարունակվի իր բնականոն հունով: «Առանց մշակույթի ուժի եւ նշանակության, չի կարող լինել»,- ասաց նա` հավելելով, որ մշակույթը սկսվում է ինքնադաստիարակությունից եւ երեխաների դաստիարակությունից:

Աբդռաշիտովը անհանգստացած է ռեժիսուրայի ապագայով: «Մենք Ռուսաստանում չենք կարողանում բարձրագույն ուսումնական հաստատություններում կուրս հավաքել: Դիմողների քանակը շատ-շատ է, սակայն նրանք չունեն տարրական գիտելիքներ»,- ասաց նա:

«Ոսկե ծիրան»-ն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում