Մշակույթ

Վասիլի Սիգարեւի «Ապրել» ֆիլմը թույլ նյարդերով մարդկանց համար չէ

2 րոպեի ընթերցում

Վասիլի Սիգարեւի «Ապրել» ֆիլմը թույլ նյարդերով մարդկանց համար չէ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում ներկայացված է Վասիլի Սիգարեւի «Ապրել» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը Հայաստան է ժամանել կնոջ` դերասանուհի Յանա Տրոյանովայի հետ, ով նաեւ ֆիլմի գլխավոր հերոսուհին է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսոր Սիգարեւն ասաց, որ ֆիլմի միջոցով ինքը ցանկացել է ասել, որ կյանքն ավելին է, «քան սպիտակուցային մարմինների գոյության եղանակ»․ մարդն ընդունակ է զգալ, տառապել, սիրել եւ ապրել՝ ի հեճուկս ճակատագրի, նույնիսկ ամենաթանկը` իր սիրած մարդկանց կորցնելու գնով: «Ֆիլմի հերոսների ճակատագիրն արագորեն եւ դաժանաբար խլում է նրանց սիրելիներին` վերացնելով անգամ կենդանի մնալու ցանկությունը: Հերոսները չեն հանձնվում. նրանք ընդդիմանալով ոտքի են կանգնում, պատերազմ հայտարարում ճակատագրին` մաքառելով մարդու տոկունության սահմանագծին եւ դրանից անդին: Նրանք հասնում են սեփական հաղթանակներին»,- ֆիլմը հակիրճ ներկայացնում է նա: Ռեժիսորի խոսքով` իր ֆիլմերը դիտողները երկու մասի են բաժանվում` նրանք, որոնց ապրելու ցանկությունը ֆիլմը դիտելուց հետո կտրուկ մեծանում է, և նրանք, որոնց կենսական կամքն անկում է ապրում: «Ամեն դեպքում, այն թույլ նյարդերով մարդկանց համար չէ»,- շեշտեց ռեժիսորը:

Սիգարեւը նաեւ ֆիլմի սցենարի հեղինակն է: Ինչպես նշեց Յանա Տրոյանովան, չնայած ֆիլմում չկան անմիջական անդրադարձներ իրենց անձնական հարաբերություններին, այնուհանդերձ իր եւ ֆիլմում իր զույգի սյուժետային գծի վրա մեծապես ազդել են իրենց իրական կյանքի վեճերը: Ռեժիսորը նոր ֆիլմ է նկարահանում` կոմեդիա ժանրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում