ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում ներկայացված է Խոսե Լուիս Տորրես Լեյվայի «Ամառ» ֆիլմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց, որ ֆիլմը պատմում է ամառային շոգ օրվա ընթացքում մանր-մունր դեպքերի մասին, որոնք կազմում են Չիլիի առողջարանում գտնվող հանգստացողների եւ աշխատակիցների կյանքը: «Խուլիետան, Ֆրանսիսկոն, Իսան, Իգնասիոն, Մարիանան, Մուրիելը, Գաբրիելան, Էլիսեոն, Նորման արձակուրդի երկար ժամերն անցկացնում են բնության գրկում. քնում են արեւի տակ, մեքենա վարել սովորում, հավաքում-մաքրում կացարանը, առաջին անգամ հանբուրվում, գիշերը լողում կամ պարզապես զբոսնելով զրուցում, մինչդեռ օրը կամաց-կամաց ի հայտ է բերում երջանկության եւ հայտնության պատառիկներ»,-ֆիլմը ներկայացրեց ռեժիսորը:
Խոսե լուիս Տորրես Լեյվան ցանկացել է ցույց տալ ամուր ընտանեկան հարաբերությունների կարեւորությունը. ֆիլմը դաստիարակչական բնույթ է կրում: Չիլիում ֆիլմարտադրությունը բարձր մակարդակի վրա չէ, միջազգային շուկա հայտնվելը դեռ երազանք է, քանի որ ֆինանսական միջոցները սուղ են եւ քիչ են նկարահանվում: Ռեժիսորն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է կարճամետրաժ ֆիլմերի նկարահանումից: «Այն, ինչ չկարողացա տեղավորել քիչ րոպեում, պատկերեցի իմ լիամետրաժ ֆիլմերում» ,- ասաց նա: «Ոսկե ծիրան»-ն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ. կինոփառատոնը կշարունակվի մինչեւ հուլիսի 15-ը: