ԱՄՆ-ը հրաժարվում է հայտնել թուրքական ինքնաթիռի` Սիրիայի կողմից ոչնչացվելու մանրամասները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարության անանուն բարձրաստիճան իրավասուն թուրքական «Հուրիեթ» թերթի թղթակցին ասել է, որ թեեւ որպես դաշնակցի աջակցում են Թուրքիային, սակայն, ամերիկյան կողմը մտադիր չէ մանրամասներ հայտնել Սիրիայի կողմից հունիսի 22-ին խփված թուրքական ինքնաթիռի վերաբերյալ: «ԱՄՆ վարչակազմում շատ մարդիկ կան, որոնք գիտեն ինքնաթիռի խփվելու մանրամասները, սակայն, քննարկվող այդ հարցի վերաբերյալ մենք ոչ մի դետալ չենք հրապարակելու», -ասել է նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ ԱԳՆ պաշտոնյան այդ հայտարարությունն արել է, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլալ Գյուլը ոչնչացված թուրքական ինքնաթիռի կապակցությամբ խնդրել էր Անկարայի դաշնակիցներին` հրապարակել իրենց ունեցած բոլոր տվյալները:

Հետաքրքիր է, որ ամերիկացի դիվանագետը չի թաքցրել, որ ԱՄՆ վարչակազմում գիտեն ինքնաթիռի կործանման իրական պատճառները, սակայն, չեն ցանկանում հրապարակել այդ տվյալները: Նա նաեւ հավելել է, որ Վաշինգտոնի համար ոչ մի նշանակություն չունի ներկայում Թուրքիայում քննարկման թեմա դարձած այդ միջադեպի որեւէ մանրամասն, եւ դա է պատճառը, որ Սպիտակ տունն այդ հարցի շուրջ հայտարարությամբ հանդես չի գալիս:

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը միջադեպից հետո հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստակամ է հայտնելու ինքնաթիռի կործանման վերաբերյալ իր մոտ եղած բոլոր մանրամասները, եթե Անկարան դա ցանկանա: Թուրքական ԶԼՄ-ներն այսօր հայտնել են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հուլիսի 18-ին չնախատեսված այցով մեկնում է Մոսկվա եւ, ինչպես ենթադրվում է, Սիրիայի ճգնաժամի քննարկման հետ մեկտեղ, թուրք վարչապետը ՌԴ ղեկավարությունից կխնդրի իրեն տրամադրել նաեւ թուրքական ռազմական ինքնաթիռի` Սիրիայի կողմից խփվելու վերաբերյալ ռուսական կողմի տվյալները:

Հայերեն