Մշակույթ

Վավերագրական ֆիլմերը խաղարկայիններից առավել հաջողված են

3 րոպեի ընթերցում

Վավերագրական ֆիլմերը խաղարկայիններից առավել հաջողված են

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 9-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի վավերագրական մրցույթում կներկայացվեն Արսեն Գասպարյանի «Նոր Ջուղա. լինել», Վահե Յանի «Երկու ճանապարհ» եւ Հայկ Կբեյանի «Կոստան Զարյան. հայ գրականության միայնակ հոգին» ֆիլմերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արսեն Գասպարյանը նշեց, որ «Նոր Ջուղա.լինել…» Հայաստանի արտադրության կարճամետրաժ վավերագրականը պատմում է Նոր Ջուղայի մշակութային հարուստ ժառանգություն ունեցող անցյալի ու ներկայի մասին: «Պատկերված է հայ համայնքը, որն ավելի քան 400 տարի Նոր Ջուղայում ապրում եւ արարում է` պահպանելով կրոնը, եկեղեցին, դպրոցը, ինչպես նաեւ սովորություններն ու ավանդույթները»,- պատմեց նա` շեշտելով, որ Ջուղայի հիմնական խնդիրն արտագաղթն է:

Վահե Յանի ֆիլմը պատմում է երկու խուլ մարդկանց կենսակերպի, մտածելակեպի եւ աշխատանքի մասին: «Գոհարը սիրում է նկարել: Երազում է վաճառել իր աշխատանքները, շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, օգնել ծնողներին եւ եղբոր ընտանիքին: Հայկը պարող է: Կյանքն առանց պարի չի պատկերացնում: Նա առաջին մրցանակի է արժանանում Հայաստանի ամենահեղինակավոր պարի փառատոնում: Երազում է ունենալ մի տարածք, որտեղ պար կդասավանդի: Նրանց ճանապարհները տարբեր են եւ, միեւնույն ժամանակ, մոտ իրար: Ֆիլմը փորձել է ներթափանցել մի աշխարհ, որը շատ գունագեղ է, մի աշխարհ, որից մենք մեկուսացել ենք»,- ներկայացրեց ռեժիսորը:

Հայկ Կբեյանը ներկայացնում է «Հայ գրականության մենակը» ֆիլմը: Այն Կոստան Զարյանի կյանքի պատմությունն է: «Միայնակ, չհասկացված մարդու, գրողի, մտավորականի մասին է: Չէ որ մենք նրան դեռեւս չենք գնահատել ըստ արժանվույն»,- ասաց նա: Ֆիլմը նկարահանվել է Երեւանում, Վենետիկում, Բրյուսելում: Ռեժիսորները նշեցին, որ վավերագրական ֆիլմերն այժմ ավելի հաջողված են, քան խաղարկայինները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում