ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի հուլիսի 8-ին` գրական ստեղծագործության ցուցադրությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կինոփառատոնի մամուլի քարտուղար Անահիտ Օրդյանը, «Ոսկե ծիրան»-ն այս տարի կազդարարվի Համո Բեկնազարյանի` 1926թ-ի ստեղծված «Շոր եւ Շորշոր» կատակերգությամբ (ըստ` Մ.Բագրատունու պատմվածքի): Այն հուլիսի 8-ին կներկայացվի Վահագն Հայրապետյանի եւ իր ջազ-խմբի կողմից` հատուկ «Ոսկե ծիրանի» համար մշակված նոր երաժշտական ձեւավորմամբ: Իսկ ահա հուլիսի 15-ին փառատոնը կամփոփվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմով: Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր, հռչակավոր Միքայել Հաննեկեի` սիրո եւ հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժեվորված է աշխարհահռչակ դերասանների ` Ժան-Լուի Տրինտինյանի, Էմանուելլա Ռիվայի եւ Իզաբել Հուպերտի խաղով: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմը տարեց զույգի` երաժշտության ուսուցիչներ Աննի եւ Ժորժի սիրո փորձության պատմությունն է:
«Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնը կեզրափակվի «Սիր» ֆիլմի մեկ բացառիկ ցուցադրությամբ:
Երեւանյան կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: