5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում` տուգանային հրապարակում կուտակված մեքենաներից 11-ն արդեն սեփականատերերը տարել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը նշեց, որ դեռեւս մնում են 35-ի չափ մեքենաներ: «Տարածքը փոքր է, ուստի կուտակումներից փորձում ենք ազատվել: Սեփականատերերի չհայտնվելու պարագայում` մենք նրանց տիրազուրկ ենք ճանաչում, մեքենան օգտագործում իբրեւ մետաղի ջարդոն»,- ասաց Սարգսյանը: Տուգանային հրապարակում կուտակված են վերջին 15-20 տարիներին տեղափոխված ավտոմեքենաները` հիմնականում` «Զապորոժեց», «Մոսկվիչ» մակնիշի: Սեփականատերերը կարող են ներկայանալ անձնագրով եւ համապատասխան փաստաթղթերով, առանց տույժ-տուգանքների տեր կանգնել իրենց ավտոմեքենաներին:
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան նախագահ Մկրտիչ Փիլթոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ունեն պատմական մեքենաների եւ հանձնաժողով, եւ ակումբ: Այնտեղ ներկա դրությամբ գրանցված են 70-ից քիչ ավելի պատմական մեքենաներ: Պատմական ավտոմեքենաներն առնվազն 30 տարի առաջ պետք է արտադրությունից դուրս եկած լինեն: ««ԳԱԶ 21» Վոլգաները պատմական դարձան 2001 թ., քանի որ դրանց արտադրությունը դադարել էր 1971 թ.»,- ասաց Փիլթոյանը:
Պատմական մեքենաները բաժանվում են տարբեր դասերի. պրոֆեսիոնալ մեքենաներ, որոնց մեջ շարժիչը, թափքը, ներքին հարդարանքը, բոլոր բաղադրիչներն, անգամ` անիվները իր հարազատն են, մեծ փոփոխությունների ենթարկվածները, որոնցում միայն թափքն է իր բնականը, կոչվում են Ռետրո մեքենաներ: Փիլթոյանի խոսքով` իրենց մոտ ամենահին մեքենան 1927 թվականի արտադրության «Ստուդուբեկեր»-ն էր, որն օտարվեց, ներկա դրությամբ ամենահիը 1934 թ. Մերսեդեսն է: Կան նաեւ ռուսական մեքենաներ, որոնք 40-ական, 50-ական թվականների են:«Դա համաշխարային ավտոարտադրության պատմությունն է, որը շատերի մոտ հիշողություններ է արթնացնում»,- նշեց ֆեդերացիայի նախագահը:Ճիշտ խնամքի դեպքում այդ մեքենաները կարող են անվերջ ծառայել: Նրանց տերերը տարիքով մարդիկ են, ովքեր շատ կապված են իրենց մեքենաների հետ:
Հին մեքենաների պահեստամասերը դժվարությամբ են գտնվում, բայց վարորդներն այդ խնդիրն ինչ-որ կերպ լուծում են: Փիլթոյանի գլխավորությամբ ձեւավորված է գնահատման փոքրիկ խումբ: Մեքենայի արժեքը կախված է նրանից, թե մեքենան որքանով է պրոֆեսիոնալ, հնարավոր է նաեւ` մեքենան պատկանի նշանավոր մարդու, բայց անպայման պետք է դա հաստատող փաստաթուղթ ունենա: Այս դեպքում մեքենայի արժեքը շատ ավելի բարձր է լինում: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ նախկինում իրենց մոտ է եղել անգամ Բրեժնեւի մեքենան, ներկայում կա գեներալ Նվեր Սաֆարյանի մեքենան:
Որոշ մեքենաներ մինչեւ 250 հազար եվրո կամ նույնքան դոլար արժողությամբ օտարվել են, տարվել Չեխիա կամ այլ երկրներ: «Դա սեփականատիրոջ ցանկությունն է, ֆեդերացիան այստեղ ոչինչ անել չի կարող: Այն պարզապես միավորում է ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց»,- նշեց Փիլթոյանը: Նախկինում մեքենաների համարները վրան էին թողնում եւ դրա համար վճարում էին որոշակի գումար տեխզննման համար: ԱՊՊԱ համակարգի ներդրումը փոխել է իրավիճակը: Այժմ մեքենաների համարները հանում են, ազատվում հարկ մուծելուց:
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան (ՀԱՖ) ստեղծվել է 1993 թվականին: Մինչեւ 1995-ը կոչվել է Հայաստանի ավտոմոբիլային մարզաձեւերի ֆեդերացիա: 1993-1996թթ. այն կոչվել է Հայաստանի ավտոմոբիլային մարզաձեւերի, իսկ 1996-1999թթ.` Ավտոսպորտի եւ Ավտոտուրիզմի ֆեդերացիա: Ավելի ուշ, 1999-ի հունվարին կայացած արտահերթ համագումարի որոշման համաձայն այն վերանվանվեց ՀԱՖ` Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա: Վերջինիս անդամները ներկայում 300-ից ավելի են, նրանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք: