Մարզային

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարածաշրջանային համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի

4 րոպեի ընթերցում

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարածաշրջանային համագործակցությունը զարգացման մեծ հեռանկար ունի

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ընթանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստը: Այն հայկական կողմից վարում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, իսկ ռուսականից` երկրի տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ Մաքսիմ Տրավնիկովը:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Լիլիթ Սարոյանը, մարտի 12-ին կայացել է փորձագիտական խմբի նիստը, որի ժամանակ քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում կողմերին հետաքրքրող մի շարք հարցեր: Աշխատանքային խմբի հիմնական խնդիրն է վերհանել տարածաշրջանների միջեւ համագործակցության հետ կապված առկա ներուժը եւ հնարավորինս փորձել զարգացնել համագործակցությունը:

«Պետք է հաճախակի հանդիպել, ներկայացնել երկկողմ տնտեսական հնարավորությունն ու ներուժը եւ փորձել գտնել այն եզրերը, որտեղ հնարավոր կլինի արդյունավետ համագործակցություն ծավալել»,-նշեց Լիլիթ Սարոյանը:

Ունենալով տարածաշրջանային համագործակցության նպատակ՝ նիստն անցկացվում է Գյումրիում:

Ինչպես Երեւանի եւ Մոսկվայի, այնպես էլ ՌԴ շատ տարածաշրջանների եւ ՀՀ մարզերի միջեւ արդեն ձեւավորված համագործակցությունը բավական լավ զարգացում է ապրում: Նիստը նպատակ ունի նաեւ կանոնակարգել այդ այդ համագործակցությունը:

«Երկու երկների տարածքային կառավարման նախարարների միջեւ կա պայմանավորվածություն, որ այսուհետ ՀՀ մարզերի եւ ՌԴ շրջանների միջեւ համագործակցության հուշագրերը լինեն ոչ այնքան դեկլարատիվ կամ միայն սոցիալ-մշակութային, այլ նաեւ գործնական եւ տնտեսական հարաբերությունների դաշտում, ապահովեն կոնկրետ ծրագրերի շարունակականություն եւ ամբողջականություն: Ես հուսով եմ, որ այս աշխատանքային հանդիպման արդյունքում հետաքրքիր ու լավ համագործակցության ծրագրեր կարող են նախանշվել ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ մասնավորապես Գյումրու համար»,- նշեց Վաչե Տերտերյանը:

Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի ղեկավար Դմիտրի Ֆիշկինի կարծիքով` հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը հիմք կհանդիսանա տարածաշրջանային նոր կապերի ստեղծման: «Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եւ մենք շահագրգիռ ենք զարգացնել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ այլ ձեւաչափերի համագործակցությունը: Այդ պատճառով ես կարծում եմ, որ այս ճանապարհին մեզ մեծ ապագա է սպասվում: Մենք ունենք համագործակցության մեծ ներուժ»,- ասաց Ֆիշկինը:

Նրա խոսքով` ՌԴ տարածաշրջանների զարգացման եւ ՀՀ քաղաքաշինության նախարարությունների միջեւ նախապատրաստվում է նոր համաձայնագիր, որը նախատեսվում է ստորագրել այս տարի: Այն քաղաքաշինական, բնակարանաշինական, բնակկոմունալ ոլորտներում նոր համագործակցության ծրագեր կներառի: Հանդիպման ընթացքում կողմերի միջեւ ստորագրվեց հանդիպման արձանագրությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում