Քաղաքականություն

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու եվրոպական բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը, մարտի 6-ին նախատեսված է ՀՀ Նախագահի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Դուրան Բարոզուի հետ: Հանդիպման ավարտին Հանրապետության ղեկավարը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նույն օրը Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի հետ:

Այցի շրջանակներում Նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:

Նախատեսված են նաև ՀՀ Նախագահի հանդիպումները Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

Այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարն արդեն հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի հետ, իսկ երեկոյան կհանդիպի Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում