Հայաստանից վերադառնալիս Վրաստանի սահմանին ձերբակալվել Է Պատարկացիշվիլիի շտաբի նախկին ղեկավարը
3 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի սահմանին ձերբակալել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Վալերի Գելբախիանիին, որը Հայաստանից վերադառնում Էր հայրենիք: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նովոստի Գրուզիա»-ն: Վերջին մի քանի տարում ընդդիմադիր գործիչը հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով գտնվում Էր հետախուզման մեջ:
Վալերի Գելբախիանին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էր, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ ղեկավարում Էր գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ընտրական շտաբը:
Ընտրություններից ոչ շատ առաջ դատախազությունը Գելբախիանիին մեղադրել Է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ Վրաստանի ՆԳՆ-ի գործակալ Իրակլի Կոդուան հանդիպել Է Պատարկացիշվիլիի շտաբի ղեկավարի եւ հենց իր՝ գործարարի հետ եւ նրանց «ներքաշել» իշխանությունը տապալելու խոսակցության մեջ: Այս կապակցությամբ դավադրության մեղադրանք Էր առաջադրվել նաեւ Պատարկացիշվիլիին:
Այն ժամանակ Գելբախիանին պատգամավորական անձեռնմխելիություն ուներ, սակայն դատախազության խնդրանքով խորհրդարանը նրան զրկել Է անձեռնմխելիությունից: Ընդդիմադիրը չի սպասել իրեն ձերբակալելուն ու հեռացել Է երկրից: 2008 թվականի սկզբից նա հետախուզման մեջ Էր:
2012 թվականի սկզբին Գելբախիանին հաղորդագրություն Է տարածել վրացական ԶԼՄ-ներում: Նախկին պատգամավորը հայտարարել Է, որ ցանկանում Է հայրենիք վերադառնալ, որպեսզի այցելի հիվանդ մորը: Այդ կապակցությամբ նա աջակցություն Է խնդրել քաղաքական կուսակցություններից եւ հասարակական կազմակերպություններից: Մի քանի ընդդիմադիր միավորումներ այդ կապակցությամբ հայտարարել են, որ իշխանությունները չպետք Է խանգարեն Գելբախիանիին մորը տեսնելու: Ինչպես հայտարարել Է «Գրուզիա Online»-ը, այսպիսի հայտարարությամբ, մասնավորապես հանդես Է եկել Լեյբորիստական կուսակցությունը՝ քաղաքական վտարանդիին անվանելով «ահաբեկչական ռեժիմի անմեղ զոհ»:
Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Թարգամաձեն հայտարարել Է, որ սահմանին Գելբախիանիի հետ միասին ձերբակալվել Է նաեւ նրա որդին: Թարգամաձեն հաստատել Է, որ իր նախկին գործընկերը եկել Էր հիվանդ մոր մոտ: