2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտություններով, բացառությամբ՝ բժշկություն և արվեստ, բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, ուսումն իրականացվելու է լեհերենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց: Լեհական կողմը հոգում է ուսման վարձավճարները, այլ ծախսերը հոգում է մասնակիցը: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում եւ կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն կամ լեհերեն լեզուներին:
Մրցույթն անցկացվում է բակալավրի, մագիստրոսի, եւ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 2-ը ներառյալ: Բակալավրի եւ ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում` մարտի 6-ից մինչեւ 16-ը ընկած ժամանակահատվածում: