ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դադարեցնում է իր խաղաղապահ գործունեությունը Կոսովոյի տարածքում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ Կոսովոյում խաղաղապահ առաքելության դադարեցումը կապված է որոշակի խնդիրների հետ, որոնք ծագել են վերջին շրջանում: Նախարարը չմանրամասնեց առկա խնդիրները:
Հայաստանի Հանրապետության` միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու պրակտիկային սկիզբ է դրվել 2004 թվականին: Նույն տարում Հայաստանը` մեկ դասակի կազմով, միացել էր ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում: Հայ զինվորականները ծառայություն էին իրականացնում Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի եւ Մակեդոնիայի սահմանամերձ շրջանում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում: