Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայ-բուլղարական համագործակցության ներկա մակարդակը եւ նշել, որ ավանդական կապերը, հոգեւոր-մշակութային ընդհանրություններն ավելի են մերձեցնում երկու երկրներին ու ժողովուրդներին: Կողմերը քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների ողջ շրջանակը` հատկապես կարեւորելով տնտեսական գործակցության հետագա ակտիվացումը: Նրանք անդրադարձել են նաեւ Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում երկու երկրների փոխգործակցության հնարավորություններին: Սերգեյ Ստանիշեւն ընդգծել է, որ անցած ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում սա Բուլղարիայի վարչապետի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, ինչը երկկողմ համագործակցությունն ավելի բովանդակալից դարձնելու կառավարության բարի կամքի վկայությունն է: Բուլղարիայի վարչապետը երկու երկրների հարաբերություններում առանձնահատուկ դեր է վերապահել բուլղարահայ համայնքին, որի անդամները, նրա խոսքով, լիովին ինտեգրված են հասարակության մեջ եւ մեծ մասնակցություն ունեն երկրի կյանքի տարբեր ոլորտներում: Հանդիպմանը խոսվել է նաեւ մշակութային փոխգործակցության մասին: Նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2004թ. Բուլղարիայում անցկացված Հայկական մշակույթի օրերի օրինակով, հաջորդ տարի Հայաստանում անցկացնել բուլղարական մշակույթի օրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում