Վարչապետի նպատակն է ձևավորել մտածող, կանխատեսող և խստապահանջ մարդկանց բանակ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ: ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին երաշխավորել իրենց ապահով ծերությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովի ժամանակ:
«Մենք փոխում ենք քաղաքացիական մտածողությունը և նրանց մոտիվացիան: Աշխատող քաղաքացին պետք է մտածի, որ ինքն է պատասխանատու իր ապագայի համար և կուտակումներ կատարի իր ապահով ծերության համար»,- ասել է վարչապետը:
Այդպիսի տրամամաբանություն է դրված կենսաթոշակային բարեփոխումների հիմքում, ինչը համահունչ է ժամանակակից աշխարհի իրողություններին: «Մենք ստեղծում ենք ազատ մտածող մարդու միջավայր, ով պետք է կարողանա իրացնել իր ազատությունը: Կենսաթոշակային բարեփոխումները մեր հասարակությունում փոխելու են տնտեսական և ֆինանսական մտածողությունը»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Դա բերելու է մտածող, կանխատեսող և խստապահանջ մարդկանց բանակի ձևավորման:
Պետությունը ստեղծելու է բարենպաստ միջավայր և քաղաքացիներին զինելու է գիտելիքներով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն կուտակել իրենց միջոցները: «Պետությունը կրկնապատկելու է այն խնայողությունները, որոնք կուտակային համակարգի միջոցով իրականացնելու են մեր քաղաքացիները»,-նշեց կառավարության ղեկավարը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվելու է 2014թ. հուվարի մեկից: Բարեփոխումից հետո, կենսաթոշակային ապահովության համակարգը ունենալու է երեք բաղադրիչ. պետության կողմից ապահովվող բազային կենսաթոշակ, պարտադիր կուտակային բաղադրիչ (քաղաքացիների աշխատավարձի 5 տոկոսի չափով վճարում, որը կրկնապատկելու է պետությունը) և կամավոր կուտակային` քաղաքացիների հայեցողությամբ: Համակարգը պարտադիր է լինելու 1974թ. հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիների համար:
Կամավոր կուտակային համակարգը գործում է 2011թ. հունվարի մեկից: