Խճանկար

The Sun-ը բացահայտել է Քիմ Քարդաշյանի ընտանիքի պատմության գաղտնիքները

3 րոպեի ընթերցում

The Sun-ը բացահայտել է Քիմ Քարդաշյանի ընտանիքի պատմության գաղտնիքները

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական The Sun ամսագիրն անդրադարձել է աշխարհահռչակ հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի ճակատագրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթը նկարագրում է, թե ինչպես են Քիմի նախնիները գաղթել Միացյալ Նահանգներ Հայոց ցեղասպանության ժամանակ: «Այսօր Թուրքիայի տարածքում գտնվող Քիմի նախնիների Կարակալե գյուղում կյանքը շատ չի տարբերվում միջնադարյան առօրյայից»,- գրում է The Sun-ի լրագրող Օլիվեր Հարվին, ում տեղի գյուղացիները ցույց են տվել 135 տարի առաջ կառուցված հայկական եկեղեցին, որն այժմ վերածվել է մզկիթի:

«Իրականում Կարակալեն էթնիկ հայկական գյուղ էր, որը 1878- 1917 թվականներին եղել է ցարական Ռուսաստանի Կարս նահանգի կազմում, որտեղ բնակություն էին հաստատել նաեւ Ռուսական կայսրությունից արտաքսված մոլոկանները: 1896թ-ին գյուղի բնակիչներ Սեմ եւ Հարոմ Քարդաշյանների ընտանիքում ծնվեց Քիմ Քարդաշյանի պապիկի հայրը' Թաթոս Քարդաշյանը»,- գրում է Հարվին:

Լրագրողը շարունակում է ներկայացնել ընտանիքի պատմությունը. 1915թ-ին Թուրքիայի արեւելյան հատվածներում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը' Հայոց ցեղասպանությունը: «Օսմանյան թուրքերը հայերին բռնի կերպով տեղահանում եւ արտաքսում էին սիրիական անապատներ, այդ ընթացքում նրանցից հազարավորները մահանում էին ծարավից եւ սովից»,- գրում է The Sun-ը' հավելելով, որ շատ հայերի բռնի կերպով ստիպել են նաեւ ընդունել իսլամ, իսկ ովքեր հրաժարվում էին, սպանվում էին: Այս տարեսկզբին Քիմ Քարդաշյանը նշել էր, որ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Քանի դեռ այս հանցագործության հարցը լուծված չէ, հայ ժողովուրդը միշտ կապրի իր ընտանիքների հետ տեղի ունեցած ցավով»,- գրել էր նա:

Սեմ եւ Հարոմ Քարդաշյանները ԱՄՆ են գաղթել 1913թ-ին. այստեղ Թաթոսը իր անունը փոխել է Թոմի եւ սկսել աշխատել որպես աղբահավաք, այնուհետեւ զբաղվել նաեւ մսավաճառությամբ, եւ այս գործով խիստ հարստացել: Այստեղ նա ամուսնացել է հայազգի Համաս Շաքարյանի հետ. նրանց ընտանիքում էլ ծնվեց Քիմի պապը' Արթուր Քարդաշյանը, ով այսօր 94 տարեկան է, եւ ապրում է իր հայազգի տիկնոջ' Հեղինեի հետ: Քիմի հայրը' Ռոբերտը, մահացել է 2003թ-ին քաղցկեղից, սակայն հսկայական կարողություն է թողել դստերը: Նա ամուսնացել էր Քիմի ամերիկացի մոր' Քրիսի հետ: Քիմի ընտանիքն արդեն հայտնի է դարձել «Մրցել Քարդաշյանների հետ» հեռուստաշոուի շնորհիվ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում