Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականի մասին իմացել է 15 օր առաջ
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողներին ճեպազրույց է տվել: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ամբողջությամբ:
Հարց- Հասա՞ք արդյոք խորհրդարանի դերի բարձրացման Ձեր նպատակին:
Հովիկ Աբրահամյան- Կարծում եմ, որ ես չէ, որ պետք է գնահատեմ: Ես գտնում եմ` այո’: Գոնե կարողացանք ինչ-որ չափով դարձնել բազնակարծության ամբիոն: Դռները բացվեցին բոլոր հասարակական, քաղաքական, ուսանողական շրջանակների, դպրոցների առջեւ: Մարդիկ կարողացան պատկերացում կազմել գործնականում խորհրադարանի մասին, եւ դա, իմ կարծիով, շատ կարեւոր քայլ էր: Մենք փորձեցինք Ազգային ժողովը հասանելի դարձնել բոլոր խավերին:
Հարց- Գիտե՞ք, թե ով է Ձեզ փոխարինելու:
Հովիկ Աբրահամյան- Դեռ կոռեկտ չէ, որ մենք նման հարց քննարկենք, քանի որ ես դեռ իմ հրաժարականը պաշտոնապես չեմ ներկայացրել: Այն պետք է ներկայացնեմ Ազգային ժողովի նիստի ժամանակ. դա կլինի նոյեմբերի 14-ին: Հինգ օր հետո հրաժարականը կմտնի ուժի մեջ եւ նոյեմբերի 21-ին արդեն մենք կարող ենք քննարկել Ազգային ժողովի նոր նախագահի թեկնածուի հարցը:
Հարց- Դուք ու՞մ եք տեսնում, կա՞ն արժանավորներ:
Հովիկ Աբրահամյան- Արժանավորներ միշտ լինում են. իմ կարծիքով. կգտնենք: Չեմ ուզում, որ ֆետիշացնենք այդ հարցը, քանի որ Ազգային ժողովի ընտրություններին մնացել է ընդամենը 5 ամիս. մայիսի 6- ին լինելու են խորհրդարանական ընտրություններ: Քանի որ մենք հիմա ունենք ավելի գլոբալ խնդիրներ, նկատի ունեմ մեր կուսակցությունը, երկրի նախագահը: Մենք ընդունել ենք նոր Ընտրական օրենսգիրք, սակայն այն ընդունելը մեկ հրաց է, իսկ իրականացնելը` ավելի դժվար: Մենք հիմա խնդիր ունենք եվրոպական երկրների, եւ առաջինը մեր ժողովրդի եւ պետության, հասարակության համար, որ մենք կարողանանք վերականգնել այն վստահությունը, որ կորցրել ենք: Որեւէ մեծ երեւույթ չի լինի, եթե ուրիշը ղեկավարի Ազգային ժողովը: Ինձ համար կարեւոր է մեր կուսակցության ապագան, որտեղ եւ ես տեսնում եմ իմ ապագան եւ ես այդ փորձն ունեմ: Բոլորդ գիտեք, որ ես նաեւ 2007թ-ի Ազգային ժողովի ընտրություննների ժամանակ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարն եմ եղել, եւ մեզ համար գերակա խնդիրը պետք է լինի ամեն ինչ անել, որպեսզի ընտրություններն անցնեն ազատ, թափանցիկ:
Հարց- Ընտրություններից հետո Ձեզ ո՞ր պաշտոնում եք տեսնում:
Հովիկ Աբրահամյան- Հաստատ մի նորմալ, լավ, ոչ պակաս պաշտոն կունենամ:
Հարց- Ձեր հրաժարականը խորքային պատճառներ չունի՞:
Հովիկ Աբրահամյան- Որեւէ խորքային պատճառ չկա, հավաստիացնում եմ ձեզ, որովհետեւ, նորից եմ կրկնում, ինչ-որ բան չի փոխվելու իմ հրաժարականից: Ես կարող էի հինգ-վեց ամիս պաշտոնավարել, եւ հետո, ըստ օրենքի, արդեն թողնել իմ պաշտոնը, բայց հիմա կարեւորը ընտրությունը կազմակերպելն է:
Հարց- Հնարավոր է՞, որ դա լինի վարչապետի պաշտոնը ընտրություններից հետո:
Հովիկ Աբրահամյան- Ես ոչ մի բան չեմ ուզում բացառել, բայց որեւէ նման քննարկում չի եղել: Քաղաքականության մեջ ես լրագրողներին խորհուրդ եմ տալիս ոչինչ չբացառել: Օրինակ ո՞վ կմտածեր, որ ես կարող է հրաժարական ներկայացնեմ: Երեւի բոլորի հրաժարականները քննարկել էիք, բացի իմից:
Հարց-Իսկ Դուք դրա մասին գիտեի՞ք, թե Ձեզ համար էլ էր դա անակնկալ:
Հովիկ Աբրահամյան- Ես դա 15 օր առաջ եմ իմացել, եւ իմացել է նախագահ. դրանից բացի որեւէ մեկը չի իմացել: Մինչեւ ժամը ութը Գործադիրի նիստում ոչ մեկը չի իմացել:
Հարց-Ինչո՞վ եք պայմանավորում ներկա կադրային փոփոխությունները:
Հովիկ Աբրհամյան- Գիտեք` երկու Կարեն Կարապետյաններն իրենք են հրաժարական տվել, եւ որեւէ դրդապատճառ ես, ճիշտն ասած, չգիտեմ: Ինչ -որ կա, իրենք ասել են մամուլով: Ես դա ընդունել եմ որպես հիմք, իսկ ոստիկանապետի դեպքում, կարծում եմ` նախագահը շատ հստակ կերպով ձեւակերպեց:
Հարց-Ձեր մանդատը վա՞յր եք դնելու:
Հովիկ Աբրահամյան- Ես պատգամավոր եմ լինելու: Դուք հիշե’ք` ես 2007-2008 թվականներին եղել եմ շտաբի ղեկավար, նույնիսկ իմ պաշտոնը չեմ պահպանել: Շտաբը ղեկավարել եմ, հաղթել ենք Ազգային ժողովի եւ նախագահական ընտրություններում: Այնուհետեւ ես գնացել եմ փոխվարչապետի պաշտոնից աշխատակազմի ղեկավար, եւ ոչ մի անգամ այն ժամանակ չեք էլ մտածել, որ ես պետք է դառնամ Ազգային ժողովի նախագահ: Ոչ մի բան մի բացառեք եւ ոչ էլ իմ մասով բացասական ենթադրություններ արեք: Ամեն ինչ լավ է, նորմալ է, դրական է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր երկրի իմիջը բարձրացնենք եւ սրանում նաեւ ձեր աջակցությունն եմ հայցում: Խոսք եմ տալիս, որ ձեզ հետ ակտիվ աշխատելու եմ նաեւ շտաբում: