ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ամերիկահայ մոդել Քիմ Քարդաշյանը հայտարարություն է տարածել' հաստատելով, որ ամուսնությունից 72 օր անց բաժանվում է իր ամուսնուց' հայտնի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է abcnews.go.com կայքը:
«Լուրջ մտածելուց հետո, ես որոշեցի վերջ դնել իմ ամուսնությանը: Հույս ունեմ' բոլորը հասկանում են, որ սա հեշտ որոշում չէր: Ես հույս ունեի, որ այս ամուսնությունը հավերժ կլինի, սակայն երբեմն իրադարձությունները չեն զարգանում ծրագրվածի համաձայն: Մենք ընկերներ ենք մնում եւ միմյանց ամենալավն ենք ցանկանում»,- նշել է Ք. Քարդաշյանը:
Այս որոշումն անակնկալի է բերել նրա ամուսնուն: Իր անձնական ներկայացուցչի կողմից նա հայտարարություն է տարածել' նշելով, որ «սիրում է իր կնոջը եւ տագնապի մեջ է կնոջ ամուսնալուծության լուրից»: «Ես հավատարիմ եմ այս ամուսնությանը, եւ պատրաստ եմ ամեն ինչ անել, որ այն շարունակվի»,- նշել է նա:
Ներկայացված փաստաթղթում Քարդաշյանն ամուսնալուծության պատճառ է համարում «անհամատեղելի տարբերությունները»: