«Ճանապարհին» ֆիլմը` Հայաստանի այցեքարտ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ճանապարհին» ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Այն ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի, ինչպես նաեւ ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր Հարություն Ազարյանի համատեղ աշխատանքի արդյունքում:
«Ֆիլմը Հայաստանի հեթանոս ժամանակների, միջնադարի եւ մեր օրերի մասին է, որտեղ պարը հանդես է գալիս որպես գործող անձ: Այն բարձր գաղափարների վեհության մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ֆիլմի ռեժիսոր Հարություն Ազարյանը: «Ճանապարհին» խաղարկային, գեղարվեստական, երաժշտական, պարային ֆիլմը սյուժետային գծի զարգացման եւ երկխոսությունների միջոցով ներկայացնում է Հայաստան աշխարհն իր ինքնատիպությամբ, բազմազանությամբ: «Ֆիլմն ազգի վեհության մասին է, գենի մեջ եղած վեհության, որի ներկայացումը չափազանց հետաքրքիր էր»,- ասաց երգչուհի Լիլիթ Պիպոյանը, ով ֆիլմում հեթանոս երգերի կատարողն է: Շուրջ երկու տարի տեւած բարդ եւ հագեցած նկարահանումներից հետո ֆիլմն առաջին անգամ է ներկայացվում հեռուստադիտողի դատին: