1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հույն երաժիշտ Յանին հույս ունի, որ մյուս տարի Հայաստանում եւս մեկ համերգային ծրագրով հանդես կգա: Այս մասին երաժիշտը գրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ շնորհակալություն է հայտնել հայաստանյան հանդիսատեսից այստեղ կայացած գերազանց համերգի համար: «Էներգիայով լի շուրջ 8 հազար երկրպագուներ մեծ ջերմությամբ ընդունեցին ինձ' պարգեւելով անմոռանալի երեկո: Իսկ Սամվել Երվինյանը (միակ հայ երաժիշտը Յանիի նվագախմբում) իր հայրենիք վեադառնալով' արժանացավ բազմաթիվ երկրպագուների բուռն ծափահարությունների ողջ համերգի ընթացքում»,- գրել է Յանին: Ի դեպ, այս գրառումը չափազանց մեծ ոգեւորություն է առաջացրել երկրպագուների շրջանում: Մի քանի ժամվա ընթացքում այն արժանացել է շուրջ 5 հազար հավանումների, եւ գրվել են ավելի քան 500 մեկնաբանություններ: Հայաստանյան երկրպագուները շնորհակալություն էին հայտնում մեծ երաժշտին' պարգեւած անմոռանալի երեկոյի համար, իսկ այլ պետությունների երկրպագուները ցանկություն էին հայտնում իրենց երկրներում եւս հյուրընկալել Յանիին եւ նվագախմբին: