1 րոպեի ընթերցում
ՀՈՆԿՈՆԳ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա սկզբից ի վեր աշխարհում 82 լրագրողներ են զոհվել իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսպիսի վիճակագրություն Է ներկայացրել Վիեննայում հաստատված Մամուլի միջազգային ինստիտուտի տնօրեն Էլիսոն Մաքենզին:
Ելույթ ունենալով Թայբեյում ընթացող մեդիահամաժողովում՝ նա նշել Է, որ մամուլի ներկայացուցիչների համար աշխատանքի առավել վտանգավոր վայր Է դարձել Մեքսիկան: Ընթացիկ տարում այնտեղ սպանվել Է տասը թղթակից, ովքեր զբաղվում Էին հանցավոր թմրախմբավորումների գործունեության հետաքննությամբ:
Ծառայողական պարտքի կատարումը Իրաքում դարձել Է եւս ութ լրագրողների զոհվելու պատճառ: Երրորդ տեղում Պակիստանն Է, որտեղ կյանքից զրկվել Է ԶԼՄ-ների վեց աշխատակից:
Մաքենզիի խոսքով՝ լրագրողների համար ոչ անվտանգ վայր Է մնում նաեւ Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր արեւելքի տարածաշրջանը, այդ թվում՝ Լիբիան, Թունիսը եւ Եգիպտոսը: