Երեւանը շքեղ լուսավորությամբ կդիմավորի առաջիկա տոները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության 20- րդ տարեդարձի եւ Էրեբունի- Երեւան տոնակատարություններին ընդառաջ, մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգման, արտաքին ձեւավորման եւ հարդարման լայնածավալ աշխատանքները: Տոնական օրերին Երեւանը նորովի տեսքով կներկայանա թե երեւանցիներին, եւ թե քաղաքի հազարավոր հյուրերին:

Ավարտական փուլում են «Հաղթանակ», «Կիեւյան» կամուրջների եւ Կոմիտաս - Դավիթ Անհաղթի փողոցների ու Ազատության պողոտայի հատման մասի տրանսպորտային հանգույցի հարդարման եւ ձեւավորման աշխատանքները, պատշաճ տեսքի են բերվում 200 շենքերի ճակատային հատվածները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրերս շահագործման կհանձնվեն այս տարվա ծրագրով նախատեսված վերգետնյա 3 անցումները ' Շիրազի եւ Դավիթ Բեկ փողոցներում, ինչպես նաեւ Ազատության պողոտայում: Կավարտվեն 2011 թ. ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների մայթերի վերակառուցման աշխատանքները: Հանրապետության հրապարակում շարունակվում են 40 կրկնակի հզորությամբ լուսարձակների տեղադրման, ինչպես նաեւ կամուրջների, արձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի գեղարվեստական լուսավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ծրագրերի իրականացմանն ակտիվորեն մասնակցել են նաեւ ՀՀ-ում գործող բանկերն ու մասնավոր ընկերությունները: Երեւանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ տոնական օրերին մայրաքաղաքը կունենա աննախադեպ շքեղ լուսավորություն:

Հայերեն English