Փաստ մեկնաբանությամբ

Պատմաբանների հանձնաժողովի հարցը Հայաստանը երբեք չի ընդունել

3 րոպեի ընթերցում

Պատմաբանների հանձնաժողովի հարցը Հայաստանը երբեք չի ընդունել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանության թեմայի քննարկում չի նախատեսվել: Անդրադառնալով պարբերականներից մեկի հոդվածին' այսօր այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը' նշելով, որ հեղինակը' վերլուծաբան Հակոբ Բադալյանը, ապատեղեկատվություն է տարածել:

Հակոբ Բադալյանը «Ինչու հիշեցին Քոչարյանի տարբերակը» հոդվածում նշում է. «Թուրքիան առաջարկել էր հայերի ցեղասպանության հարցը քննարկել պատմաբանների հանձնաժողովով, իսկ Քոչարյանը պատասխան նամակում մերժում էր այդ առաջարկը: Փոխարենը հայկական կողմը առաջարկում էր ցանկացած հարց քննարկել միջկառավարական մակարդակով: «...Մմիջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած եւ բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջեւ' նպատակ ունենալով լուծել դրանք եւ փոխըմբռնման հասնել»,- Էրդողանին գրել է Ռոբերտ Քոչարյանը»:

Այնուհետեւ հեղինակը դիտարկում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կապված զարգացումները եւ նշում. «Բանն այն է, որ այդ արձանագրությունների մեջ նշվում է պատմաբանների ենթահանձնաժողովի մասին: Այսինքն' այն, ինչ մերժել էր Ռոբերտ Քոչարյանը, ընդունել էր Սերժ Սարգսյանը»:

Այս եզրահանգման առթիվ նախագահի մամլո խոսնակը, դիմելով հեղինակին, նշել է. «Հայտնում եմ Ձեզ, որ սա բացահայտ ապատեղեկատվություն է: Անգամ չանդրադառնալով այն հարյուրավոր հայտարարություններին ու պարզաբանումներին, որ բազմիցս այս հարցի շուրջ տրվել է' Ձեր կողմից տարածված եզրահանգումների' իրականության հետ կապ չունենալու մասին կարող եք համոզվել նույնիսկ Ձեր իսկ կողմից վերլուծության ենթարկված տեղեկատվության աղբյուրի մեկ այլ հրապարակումից, որտեղ ասվում է. «Սարգսյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա համատեղ հայտարարությանը.... (նշելով) ... 2. Ցեղասպանությանն առնչվող պատմական հարցերը չեԲն քննարկվելու պատմաբանների կողմից, այլ միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի շրջանակումե: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս տողերին. ո'չ միայն չեն կարող քննարկվել պատմաբանների կողմից, ոչ էլ անգամ ամբողջական միջկառավարական հանձնաժողովի կողմից, այլ ավելի ցածր, միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողովներից մեկի շրջանակներում: Մի բան, ինչի մասին Նախագահ Սարգսյանը մեկ անգամ չէ հայտարարել»:

Վերջում Արմեն Ազումանյանը հույս է հայտնել, որ հեղինակը կհերքի տարածված ապատեղեկատվությունը եւ խնդրել է ուղղել հոդվածում առկա սխալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում