Պ. Հայրիկյան. «Ազգի բնականոն ապրելակերպն ազատ հայրենիքում է»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգի բնականոն ապրելակերպն ազատ հայրենիքում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 21-րդ տարեդարձին, նման տեսակետ հայտնեց «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա' դա է անկախության հիմնական խորհուրդը, որը հայ ժողովրդի կարեւորագույն ձեռքբերումներից է: «Հայ ժողովրդի համար անկախությունը նաեւ մեկ այլ նշանակություն ունեցավ. Արցախին աջակցելու համար պետք էր անկախ հայրենիք»,- ընդգծեց ԱԻՄ առաջնորդը: Նրա խոսքով' Հայաստանն աստիճանաբար առաջ է գնում. կա զարգացում, առաջընթաց: Ըստ Պ. Հայրիկյանի' Անկախության հռչակագիրը սկզբունքորեն Հայաստանի Սահմանադրության մասն է: