Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Դուշանբե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 5-ին կմեկնի Դուշանբե` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանին եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Միխայել Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ: ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը կբացվի պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ: Այնուհետեւ կկայանա լիագումար նիստը: Քննարկման գլխավոր հարցը կդառնա ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը եւ դրա իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը: ՀԱՊԿ ղեկավարների նեղ շրջանակով նիստի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակություն 2007թ. երկրորդ եւ 2008թ. առաջին կիսամյակներում կազմակերպության գործունեության առաջնային ուղղությունների վերաբերյալ: Խորհրդի նիստի քննարկմանը, ապա նաեւ ստորագրմանը կներկայացվեն մի շարք փաստաթղթեր, որոնք կընդլայնեն քաղաքական եւ ռազմական ոլորտներում կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության նորմատիվային-իրավական բազան: Տաջիկստանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը դիտորդի կարգավիճակով կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերի աշխատանքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում