Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանում ինտերնետային ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունն աճել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ինտերնետային ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունն աճել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացվել է ինտերնետային զանգվածային լրատվամիջոցների վերաբերյալ հետազոտություն' ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ: Հետազոտությունն իր մեջ ներառել է հանրային կարծիքի վերհանում եւ լրատվամիջոցների նկատմամբ վստահության չափի բացահայտում: Հետազոտության հիմնական գաղափարն ավանդական եւ այլընտրանքային լրատվամիջոցների զարգացման միտումների բացահայտումն է: Կազմվել է հետազոտության հարցաթերթ, որը բաղկացած է քանակական եւ որակական մասերից: Քանակականն իրականացվել է բոլոր մարզերի 1 400 տնային տնտեսություններում' 90 հարց պարունակող հարցաթերթով դեմառդեմ հարցազրույցների միջոցով: Հարցերը հիմնականում վերաբերել են լրատվամիջոցների շրջանում գոյություն ունեցող ավանդույթներին:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հայաստանում ԶԼՄ-ների մասին հանրային կարծիքի ուսումնասիրության 2001 թ. ծրագրի» ղեկավար Մանանա Ասլամազյանը, ով նաեւ Լրատվամիջոցների այլընտրանքային ռեսուրսների կենտրոնի ղեկավարն է, այդ վերլուծությունը հիմնականում նախատեսված է լրատվական ոլորտի մասնագետների եւ վերլուծաբանների համար: «Մենք հետազոտությունն իրականացրել ենք սոցիոլոգիական տեսանկյունից' օգտագործելով սոցհարցման մեթոդը, ինչպես նաեւ 8 թիրախային խմբերում»,- ասաց Մ. Ասլամազյանը' նշելով, որ այդ խմբերն իրենց մեջ ներառել են բլոգերներին, համացանցի օգտատերերին, ինչպես նաեւ լրագրողներին, խմբագիրներին եւ այլոց:

Ծրագրի կազմակերպիչների խոսքով' վերջին շրջանում հիմնականում նկատելի է ինտերնետային լրատվամիջոցների նկատմամբ վստահության աճ:

Նշենք, որ հետազոտությունն իրականացրել են «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուս» կազմակերպությունը եւ Կովկասյան հետազոտությունների ռեսուրսային կենտրոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում