Չարլզ Լոնսդեյլ. «Հայաստանի օլիմպիականներին ցանկանում եմ հաջողություններ Լոնդոնում»
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոնդոնը սպասում է բոլոր օլիմպիականներին, այդ թվում' Հայաստանի մարզիկներին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը' հավելելով, Լոնդոնը մեծ աշխուժությամբ է պատրաստվում 2012 թվականին անցկացվելիք Օլիմպիական խաղերին:
- Պարո'ն դեսպան, 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է գրեթե մեկ տարի: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել այս ընթացքում:
- Աշխատանքի մեծ մասն արդեն կատարված է: Լիովին պատրաստ է Օլիմպիական մարզադաշտը, ինչպես նաեւ մարզական կառույցների մեծ մասը, ավարտին են մոտենում մարաթոնյան վազքուղու աշխատանքները: Կարելի է ասել, որ պատրաստ է խաղերի ամբողջ ենթակառուցվածքը, տրանսպորտային ցանցը, տեխնիկական եւ այլ ծառայությունները: Ամեն ինչ իրականացվում բարձր' այս մրցումներին արժանի մակարդակով:
Լոնդոնյան խաղերի տոմսերի մեծ մասն արդեն վաճառված է, ինչը վկայում է մրցումների հանդեպ մեծ հետաքրքրության մասին: Ընթացքում են Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը, որոնց մասնակցում են նաեւ Հայաստանի մարզիկները:
Նշեմ, որ Լոնդոնը միջազգային մրցումների անցկացման մեծ փորձ ունի: 1908 թվականի Լոնդոնյան խաղերի ժամանակ մարզիկներն առաջին անգամ երթով քայլեցին իրենց ազգային դրոշների ներքո, իսկ Լոնդոնի 1948 թ. խաղերին զուգահեռ անցկացված միջոցառումները սկիզբ դրեցին պարալիմպիկ շարժմանը: 2012-ին մենք մտադիր ենք պատվել նորարարության մեր ավանդույթը եւ կազմակերպել խաղեր, որոնք կլինեն բնապահպանական առումով կայուն եւ մատչելի: 2012 թվականի Օլիմպիական խաղերի հիմքում ընկած է էներգաարդյունավետությունը, որը կայուն ապրելակերպի հիմք կհանդիսանա:Տեղանքը նախապատրաստելու համար ապամոնտաժված կառույցների նյութերի 90 տոկոսը կրկին օգտագործվել է շինարարությունում, տնկվել է 20 հազար ծառ' Լոնդոնին տալով «նոր թոքեր», վայրի բնության նոր միջավայր, իսկ լոնդոնցիներին՝ նոր հանգստավայր:
-Մարզաշխարհի ներկայացուցիչներին մեծ հաճույք է պատճառել այն, որ համաշխարհային սպորտի մայրաքաղաքներից մեկը հանդիսացող Լոնդոնը նորից ընտրվեց օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Մրցումների կազմակերպիչների կարծիքով' այս խաղերը լավագույններից մեկը կդառնան սպորտի պատմության մեջ:Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:
-Լոնդոնը, իրոք, բոլոր հնարավորություններն ունի լավագույնս անցկացնելու օլիմպիական խաղերը: Բոլոր շինությունները, բաց տարածքներն ու հանրային տրանսպորտը կլինեն հաշմանդամների համար մատչելի: Բոլորը լիակատար կըմբոշխնեն խաղերը:
Բրիտանական ընկերություններն առաջատար դիրքեր են զբաղեցնում բազմաթիվ ոլորտներում, եւ այս ամենը կօգնի օլիմպիադայի լավագույն կազմակերպմանը:Խաղերի նախապատրաստման ընթացքն ակտիվորեն լուսաբանվում է, անշուշտ, մասնակիցներին եւ հյուրերին շատ նոր տեխնոլոգիաներ եւ ծառայություններ կառաջարկվեն, որոնք կհեշտացնեն իրենց աշխատանքը, եւ լոնդոնյան օրերը նրանց համար ավելի հաճելի կդարձնեն:
Լոնդոն են ժամանելու հազարավոր մարզիկներ եւ լրագրողներ, բազմահազար հանդիսատեսներ, զբոսաշրջիկներ, եւ բոլորի համար բրիտանական մայրաքաղաքն այդ օրերին հարազատ կդառնա:Լոնդոնը հրաշալի քաղաք է, որն անմոռանալի պատկեր եւ մթնոլորտ կստեղծի Օլիմպիական խաղերի եւ դրանց հաջորդող Պարալիմպիկ խաղերի համար:
- Մի քիչ խոսենք բրիտանական սպորտի մասին: Այն ոչ միայն պրոֆեսիոնալ սպորտի, այլ նաեւ «արդար խաղի», ինչպես նաեւ սիրողական սպորտի հայրենիքն է համարվում: Այս մասին ի՞նչ կասեք:
-Սպորտը Մեծ Բրիտանիայի մշակույթի, պատմության, մարդկանց բնավորության անբաժանելի մասն է: Մեր երկրում ամեն ինչ արվում է, որպեսզի մեր բուհերում, քոլեջներում, դպրոցներում այն բարձր մակարդակի լինի:Ինքս Օքսֆորդի համալսարանում սովորելու տարիներին զբաղվել եմ թիավարությամբ:Շատ եմ սիրում նաեւ թենիսը, զբաղվում եմ այս մարզաձեւով:
Մեծ Բրիտանիան մեծ դեր է խաղում միջազգային մարզաշխարհում, մեր երկրում անցկացվել եւ անցկացվում են բազմաթիվ միջազգային մրցումներ եւ տարբեր սպորտային միջոցառումներ:»Արդար խաղը» բրիտանական սպորտի հիմքն է: Մենք փորձում ենք հնարավորն անել, որպեսզի սպորտը դառնա բոլորինը' ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ ամբողջ աշխարհում:
- Խաղերի կազմակերպիչները մարզասերներին բազմաթիվ անակնկալներ են խոստանում: Ինչպիսի՞ անակնկալների մասին է խոսքը:
- Կարծում եմ' դա հայտնի կդառնա միայն խաղերի ընթացքում: Անակնկալներ կարող են լինել ոչ միայն սպորտի, այլ, օրինակ, տեխնոլոգիաների առումով. մասնակիցներին եւ հյուրերին կարող են ներկայացվել նորագույն գաղափարներ, ծառայություններ, ինչով հարուստ է Մեծ Բրիտանիան: 2012թ.Օլիմպիական խաղերը, իրոք, շատ լավ հեռանկարներ ունեն:
- Պրն. Լոնսդեյլ, Դուք հաճախ եք լինում Հայաստանում անցկացվող մարզական միջոցառումներին:Հայաստանն արդեն ունի Լոնդոնի օլիմպիական խաղերի իր առաջին մասնակիցը՝ հրաձիգ Նորայր Բախտամյանին: Ինչպիսի՞ն են Ձեր ցանկությունները Հայաստանի մարզիկներին:
- Ես Հայաստանի մարզիկներին ցանկանում եմ հնարավորինս լայն եւ հաջող ներկայացուցչություն ունենալ 2012թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերին: Տեղյակ եմ, որ Հայաստանն ունի լավ մարզիկներ տարբեր մարզաձեւերում՝ ըմբշամարտում, բռնցքամարտում, ծանրամարտում եւ այլն: Ցանկանում եմ, որպեսզի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներում Հայաստանի մարզիկները հնարավորինս շատ օլիմպիական ուղեգրեր նվաճեն, բազմաթիվ մեդալներ եւ հաղթանակներ ունենան միջազգային մրցումներում: Սպորտը հրաշալի ոլորտ է, եւ Հայաստանում կան ուժեղ մարզիկներ, որոնք արժանի են հաղթանակների: Նույնը ցանկանում եմ Հայաստանի պարլիմպիկ մարզիկներին, որոնք ցուցադրում են ֆանտաստիկ սպորտ: