Փաստ մեկնաբանությամբ

Տ. Սարգսյան. «Հայաստանի տնտեսության իրական պատկերը տեսնելու համար պետք է դիտարկել պրոֆեսիոնալ վարկանիշային կազմակերպությունների վերլուծությունները»

3 րոպեի ընթերցում

Տ. Սարգսյան. «Հայաստանի տնտեսության իրական պատկերը տեսնելու համար պետք է դիտարկել պրոֆեսիոնալ վարկանիշային կազմակերպությունների վերլուծությունները»

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆորբս»-ն այն պրոֆեսիոնալ կազմակերպությունը չէ, որ զբաղվում է երկրների տնտեսությունների վարկանիշերի գնահատմամբ, եւ Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրական պատկերացում կազմելու համար պետք է դիտարկել պրոֆեսիանլ ռեյտինգային կառույցների վերլուծությունները: Այսօր Դոնի Ռոստովի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով' պրոֆեսիոնալ ֆինանսական վարկանիշային կազմակերպությունների թվին են դասվում, օրինակ, «Մուդիս»-ը, «Ֆիչ»-ը, որոնք հանրությանն են ներկայացնում աշխարհի ֆինանսական քարտեզը, գնահատում երկրների ֆինանսական ռիսկայնությունը: «Եթե դիտարկեք նրանց վարկանիշերը, կտեսնեք մեր ցուցանիշները, որոնց շուրջ լուրջ խոսակցություն հնարավոր կլինի ծավալել»,- ասաց Տ. Սարգսյանը: Դրանք ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ռեֆորմները տալիս են իրենց դրական արդյունքները:

Այնուհետեւ ՀՀ վարչապետը հայ համայնքին ներկայացրեց մեր երկրի տնտեսության առանձնահատկություններն ու գերակա ճյուղերը: Նա նշեց, որ արդյունաբերությունը երկրի համախառն ներքին արդյունքի 15-16 տոկոսն է կազմոմ, միաժամանակ հիշեցրեց, որ այս ոլորտում ԽՍՀՄ տարիներից ՀՀ-ն ժառանգել է մեծ թվով ձեռնարկություններ, որոնց մեծ մասը, սակայն, այսօր չի գործում: «Նրանք ԽՍՀՄ տարիներին հանդիսանում էին Խորհրդային Միության արդյունաբերության կոմպլեքս փաթեթի մի մասը, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումց հետո այդ ձեռնարկությունները պարզապես չունեին պատվերներ, եւ ստիպված պարապուրդի մատնվեցին: Վերջին տարիներին, սակայն, այս ոլորտում եղել են ներդրումներ: Այսօր գործում են այն ձեռնարկությունները, որոնք ունեն իրենց շուկաները: Աստիճանաբար նրանք սկսում են վերականագնվել, եւ հույս կա, որ միջազգային ասպարեզում կգտնեն իրենց տեղը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տ. Սարգսյանի խոսքով' մեր երկրի գյուղատնտեսական ապրանքները բավականին բարձր որակական հատկանիշներ ունեն եւ այդ առումով կառավարության նպատակն է' գնալով ավելացնել արտահանումների ծավալները:

ՀՀ գործադիրի ղեկավարը ռոստովահայ համայնքին տեղեկացրեց, որ ծառայությունների ոլորտը ՀՆԱ-ի 42 տոկոսն է կազմում, որն իր մեջ ներառում է զբսաշրջությունը, առեւտուրը եւ այլն: «ՀՀ-ն տարեկան ընդունում է 700 հազար զբոսաշրջիկ, եւ այս ոլորտը մեր գլխավոր ուղղություններից մեկն է: ՀՀ կառավարության նպատակն է' առաջիկա տարիներին հասնել տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկի ընդունման ցուցանիշին»,- ասաց վարչապետը' ընդգծելով, որ ներկայում վերականգնման փուլում են մեր երկրի զբոսաշրջային ենթակաուցվածքները, մասնավորապես' Ծաղկաձորում, Ջերմուկում, Դիլիջանում, Սյունքի մարզում եւ այլուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում