Փաստ մեկնաբանությամբ

ԱՄՆ զեկույցով Հայաստանին կոչ է արվում առավել ակտիվ ջանքեր գործադրել աշխատուժի թրաֆիքինգի զոհերին հայտնաբերելու ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ զեկույցով Հայաստանին կոչ է արվում առավել ակտիվ ջանքեր գործադրել աշխատուժի թրաֆիքինգի զոհերին հայտնաբերելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցով Հայաստանին կոչ է արվում առավել ակտիվ ջանքեր գործադրել հատկապես աշխատուժի թրաֆիքինգի զոհերին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման թրաֆիքինգի հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը' նշելով, որ տարեկան պետական բյուջեից թրաֆիքինգի զոհերի վերականգնման համար հատկացվում է 6 միլիոն 200 հազար դրամ: Հայաստանում ներկայում գործում է երկու հանրային կացարան' թրաֆիքինգի զոհերի պաշտպանության համար:

Բանախոսի հավաստմամբ' թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ ամենամյա զեկույցը պարբերական բնույթ է կրում: Այն այս տարի տեղեկություններ է պարունակում նաեւ Հայաստանի մասին, հրապարակվել է հունիսի 28-ին: 184 երկրների մասին այս զեկույցը մարդկանց թրաֆիքինգի կամ ժամանակակից ստրկության դեմ պայքարի ուղղությամբ առանձին երկրների կառավարությունների ջանքերը դիտարկող ամենաընդգրկուն եւ համապարփակ ուսումնասիրությունն է: Այն կոչ է անում բոլոր երկրների կառավարություններին' ապահովել հակաթրաֆիքինգային այն արդյունքները, որոնք նախանշվում են ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող մարդկանց, հատկապես' կանանց եւ երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, արգելման եւ պատժման մասին արձանագրության մեջ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ երկիրը միացել է արձանագրությանը, թե ոչ:

Ինչպես տեղեկացրեց Վ. Կաժոյանը, 2011 թ-ի վիճակագրություն նախարարությունը չունի, այն պետք է Ոստիկանությունը պատրաստի, իսկ նախորդ տարում գրանցված տվյալների համաձայն' սեռական թրաֆիքինգի մեղադրանքով դատարան է մտել ընդամենը չորս գործ' ընդդեմ վեց անձի,իսկ աշխատանքային թրաֆիքինգի հետ կապված դեպքեր չեն եղել:

Հիշեցնենք, որ զեկույցում մասնավորապես ասվում է. «2010թ-ից Հայաստանի կառավարությունը ֆինանսավորում է թրաֆիքինգի զոհերի ապաստարանի ապահովումը, որը շահագործվում է հասարակական կազմակերպության կողմից, եւ հետամուտ է եղել հասարակական կազմակերպությունների հետ գործընկերության հաստատմանը, որի արդյունքում ուսուցումներ են անցկացվել հարյուրավոր պաշտոնյաների համար: Կառավարությունը շարունակել է ապահովել, որ թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվածները համարժեք պատիժ ստանան եւ այդ պատիժը կիրառվի»:

Վ. Կաժոյանի խոսքով' ամերիկյան կողմի հետ պարբերաբար կազմակերպվում են բանակցություններ ու քննարկումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում