Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են ջերմատնային տնտեսությունների զարգացման համար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են ջերմատնային տնտեսությունների զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են ջերմատնային տնտեսությունների զարգացման համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի տնօրեն Պողոս Գեւորգյանը' հավելելով, որ 2003 թ-ի համեմատ ներկայում ջերմոցային բիզնեսը Հայաստանում մեծ աճ է ապրել: 2003թ-ին Բիզնեսի աջակցման կենտրոնի հետ իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում կա 39 հա ջերմատուն, այսօր այդ թիվը հասել է 120 հա-ի: Պ. Գեւորգյանի խոսքով' ներկայում Հայաստանի ջերմատների տարածքը գրեթե նույնն է, ինչ կար Խորհրդային միության ժամանակաշրջանում: «Սակայն մեծ հնարավորություն կա դա զարգացնելու: Զուր չէ, որ Խորհրդային միության տարիներին նախատեսված էր Հայաստանում ստեղծել մոտ 1000 հա ջերմատուն: Սակայն Խորհրդային միության փլուզումից հետո այդ ծրագրերը կիսատ մնացին»,- ընդգծեց Պ. Գեւորգյանը: Նա նշեց, որ ներկայում ասոցիացիայի նպատակն է ջերմատները զարգացնել լեռնային գոտիներում, որտեղ նաեւ կստեղծվեն աշխատատեղեր: Ըստ նրա' լեռնային շրջաններում հոյակապ պայմաններ են ջերմատները զարգացնելու համար, սակայն դրա համար անհրաժեշտ է պետական ծրագիր: «Ասոցիացիան ի զորու չէ իրականացնել նմանատիպ ծրագիր»,- ասաց Պ. Գեւորգյանը' հավելելով, որ Հայաստանը պետք է դառնա ջերմատնային ինդուստրիալ երկիր:

Բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գեւորգյանի խոսքով' կենտրոնը հիմնադրումից ի վեր զբաղվում է ջերմոցային տնտեսությունների հարցերով, խնդիրներով, հնարավորությունների ուսումնասիրությամբ: Նրա խոսքով' ջերմատնային տնտեսությունների տարածքները վերջին տարիներին ավելացել են, սակայն խնդիրները մնացել են նույնը:

Ըստ Ս. Գեւորգյանի' մյուս կարեւոր խնդիրը մասնագետների հարցն է: «Խորհրդային միության շրջանի մասնագետները հիմա արդեն թոշակի են անցել կամ կենդանի չեն, իսկ երիտասարդ սերնդի համար գրավիչ չէ այդ մասնագիտությունը»,- շեշտեց Ս. Գեւորգյանը' հավելելով, որ ջերմատնային տնտեսությունների զարգացումը Հայաստանում կնպաստի նաեւ այլ ոլորտների զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը, ինչպես նաեւ ներդրումների հոսքի աճ կապահովի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում