Տարվա ընթացքում Հայաստանում կանցկացվեն մասսայական սպորտի խոշոր միջոցառումներ
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սպորտի բնագավառի եւ, մասնավորապես, մասսայական սպորտի զարգացմանը մեծ ուշադրություն է հատկացվում երկրի ղեկավարության ու ոլորտի պատասխանատուների կողմից: Այս տարվա ընթացքում ծրագրված խոշոր միջոցառումներն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
-Պարոն Ասրյան, մասսայական սպորտը 2 կարեւորագույն խնդիր է լուծում' ապահովելով բնակչության առողջ ապրելակերպը եւ, միաժամանակ, լինելով նաեւ ազգային սպորտի հիմքը: Ի՞նչ է արվում Հայաստանում մասսայական սպորտի զարգացման համար:
-Նախ եւ առաջ նշեմ, որ հենց դրանով Է բացատրվում, որ մասսայական սպորտը Հայաստանում գտնվում Է անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության' ի դեմս Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: Երկրի ղեկավարությունը շատ լավ պատկերացնում է մասսայական սպորտի դերակատարությունը հասարակության շրջանում եւ ջանք ու եռանդ չի խնայում դրա զարգացման համար:
Հայաստանում հատկապես վերջին տարիներին մասսայական սպորտի միջոցառումների անցկացումը դարձել Է բարի ավանդույթ: Միջոցառումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Արցախում: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը' նախարար Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ, ակտիվ գործընթացներ է իրականացնում մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ: Միայն 2011 թ. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ-ում ու Արցախում կանցկացնի մասսայական մարզական 10 խոշոր մրցումներ, որոնցից կցանկանայի առանձնացնել 5-ը:
-Խնդրում եմ թվարկեք դրանք ըստ հերթականության:
-Մայիսի 13-ին արդեն մեկնարկել Է Հայաստանի Հանրապետության 48 քաղաքներում (բացի Երեւանից) եւ Ստեփանակերտում անցկացվող «Մարզական փառատոն» միջոցառումը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 22-ը: Այն նպատակ ունի խրախուսելու մասսայական սպորտի զարգացումը երկու հայկական պետություններում: Հատուկ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ակտիվորեն համագործակցում Է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի հետ:
Այժմ անդրադառնանք թվերին եւ փաստերին: Եթե 2009 թվականին ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում մարզական փառատոնին մասնակցել է 10,5 հազար, իսկ 2010 թ. 23 հազար 383 մարդ, ապա այս տարի նախատեսվում Է 30 հազարից ավելի մասնակցություն:
Վստահ եմ, որ Հայաստանում մասսայական սպորտին, առողջ ապրելակերպին ուղղված իսկական խորհրդանիշը ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն է, որը լավագույնս արտահայտում Է պետության հոգատարությունը մասսայական սպորտի զարգացման նկատմամբ:
2011 թ. հունիսի 1-ին այն անցկացվելու է արդեն 8-րդ անգամ: Հատուկ նշեմ, որ եթե 2004 թ. այս մրցաշարին մասնակցել են 54 ընտանիքներ, 2005 թ.՝ 80, 2006 թ՝ 86, 2007 թ.՝ 106, 2008 թ.՝ 126, 2009 թ.՝ 171, 2010 թ.՝ 347, ապա այս տարի նախատեսվում Է նվազագույնը 1224 ընտանիքի մասնակցություն: Մրցաշարի դրամական ֆոնդը 2011 թ. կազմում Է 69 միլիոն դրամ, որից 55 միլիոնը նախատեսված Է դրամական մրցանակների համար: «Լավագույն մարզական ընտանիք-2011» մրցույթին մասնակցելու են երեք տարիքային խմբերում ընդգրկված երեխաների ընտանիքները. 1-ին տարիքային խումբ' 6-8 տարեկան երեխա, 2-րդ տարիքային խումբ' 9-11 տարեկան երեխա, 3-րդ տարիքային խումբ' 12-14 տարեկան երեխա (անկախ սեռից): Մրցաշարին մասնակցելու են Երեւանի 12 վարչական շրջաններից, Հայաստանի 48 քաղաքներից եւ Արցախի 8 վարչական շրջաններից ներկայացված ընտանիքները: Մրցաշարը բաղկացած Է նախնական 2 փուլերից՝ տեղական ու մարզային եւ եզրափակիչ փուլից:
Այս մրցաշարի նախնական 1-ին փուլում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած ընտանիքները, համապատասխանաբար, կստանան 60 000, 50 000 եւ 40 000 դրամ մրցանակ: Նախնական 2-րդ փուլում նույն տեղերը զբաղեցրած ընտանիքները կարժանանան 150 000, 130 000 եւ 100 000 դրամ մրցանակների: Մրցաշարի եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած ընտանիքները կստանան, համապատասխանաբար, 500 000, 400 000 եւ 300 000 դրամ: Մրցումներն անցկացվելու են 6 մրցաձեւերում՝ թենիսի գնդակի նետում, բասկետբոլի գնդակի նետում, պարանի ձգում, փոխանցումավազք, խաղային փոխանցումավազք, հեռացատկ:
Նախարարության կողմից հատուկ ուշադրություն Է դարձվում նաեւ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաքային համայնք», «Լավագույն մարզական գյուղական համայնք», «Լավագույն մարզական բակ» ստուգատեսերին, որոնք լուրջ խթան են բնակչության շրջանում էլ ավելի ակտիվացնելու մասսայական սպորտն ու առողջ ապրելակերպը:
Կարեւորագույն խնդիր եմ համարում նաեւ մասսայական սպորտի տարածումն ու զարգացումը նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդների շրջանում: Նրանց մասնակցությամբ ռազմամարզական հանրապետական խաղերը նույնպես դարձել են մեր նախարարության հիմնական միջոցառումներից մեկը:
Կարեւոր եմ համարում նաեւ «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարի կազմակերպումը, որն անցկացվում է արդեն 3-րդ անգամ, եւ որին մասնակցում են ՀՀ տարբեր գերատեսչությունների հավաքական թիմերը: Այս միջոցառման հիմնական նպատակներն են ֆուտբոլի միջոցով մասսայական սպորտը պետական կառավարման մարմիններ մտցնելը, աշխատակիցների շրջանում մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի գաղափարն անընդհատ սերմանելը:
Հարցազրույցը` Զավեն Վարդանյանի