Ա. Խիտարով. «Ցեղասպանության ճանաչման հարցում հայերն ավելի շատ բանի են հասել, քան հույները»
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանը մայիսի 19-ը հռչակել է Պոնտոսի հույների' թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության հիշատակի օր: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, ցեղասպանագետ-պատմաբան Սուրեն Մանուկյանը, Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը շատ ավելի ուշ սկսվեց' Հայոց ցեղսպանության հետ համեմատած: Նրա խոսքով' միայն երեք երկիր' Հունաստանը, Կիպրոսը եւ Շվեդիան են ճանաչել հույների ցեղասպանությունը, 2007թ-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է վերջինիս ճանաչման վերաբերյալ փաստաթուղթ, որը գիտական հիմք է տալիս հույների ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Ըստ Ս. Մանուկյանի' Մ. Քեմալը մեծ դեր ունի հույների ցեղասպանության գործում: «Եթե Հայոց ցեղասպանության պարագայում Թուրքիան ամբողջ պատասխանատվությունը գցում է Օսմանյան կայսրության եւ երիտթուրքերի վրա, ապա հունականի դեպքում Քեմալն առանցքային նշանակություն ունի»,- ընդգծեց Ս. Մանուկյանը:
Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովի խոսքով' ներկայում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Ավստրալիայի հունական կազմակերպություններն ակտիվ գործունեություն են իրականացնում հույների ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Այդ պայքարի արդյունքում Ավստրալիայի նահանգներից մեկն արդեն ընդունել է հույների ցեղասպանությունը: Ա. Խիտարովը նշեց, որ այսօր Ռուսաստանի հունական համայնքը Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ցույց է անցկացնելու: Նրա խոսքով' նմանատիպ գործընթացներում հայերը միշտ հույների կողքին են: Ըստ նրա' այսօր Հունաստանում լուրջ պետական մոտեցում չկա Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ:
«Մեզ համար միշտ էլ օրինակ է եղել այս հարցում հայերի պայքարը, ովքեր ավելի շատ բանի են հասել, որը կարելի է դրական արդյունք համարել: Հույս ունեմ, որ Հունաստանն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Պոնտոսի հույների ցեղասպանության խնդրին»,- շեշտեց Ա. Խիտարովը' հավելելով, որ չարը պետք է հատուցի մի օր:
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի' Եվրամիությանն անդամակցելու խնդրին' բանախոսները նշեցին, որ անհեթեթություն կլինի, եթե ԵՄ-ն նման քայլի գնա: «Հույս ունեմ, որ Եվրոպան նման քայլ թույլ չի տա, քանզի դրանով Եվրամիությունը կկորցնի իր իմաստը»,- ընդգծեց միության նախագահը:
Նշենք, որ Թուրքիայի կողմից իրականացված հույների ցեղասպանության հետեւանքով տարբեր աղբյուրների տվյալներով զոհվել է 800 հազարից 1 մլն մարդ, բուն Պոնտոսում զոհերի թիվը եղել է 350 հազար: