Անցկացվեց ավանդական դաշտահանդես` նվիրված Վանի հերոսամարտի 95-ամյակին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի հերոսական ինքնապաշտպանության 95-ամյակի առթիվ հանրապետությունում կազմակերպվող միջոցառումների շրջանակում մայիսի 23-ին «Արծիվ Վասպուրականի» հուշակոթողի մոտ (Աշտարակ-Ագարակ ճանապարհի մոտ) անցկացվեց դաշտահանդես, որին մասնակցում էին վասպուրականցիների հարյուրավոր ժառանգներ: «Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Գագիկ Բաղդասարյանի գլխավորությամբ միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ դրեցին հուշակոթողի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Վանի հերոսամարտի այն նիրյալների հիշատակին, ովքեր կռվել են թշնամու դեմ, իրենց կյանքով ու արյունով փրկել Վասպուրականի հայության մի ստվար հատվածին:

Դաշտահանդեսին մասնակցում էին նաեւ Արմենական-ՌԱԿ-ի ներկայացուցիչները, ովքեր եւս ծաղկեպսակ դրեցին հուշակոթողի մոտ: «Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Գ.Բաղդասարյանի խոսքով, հուշակոթող այցելությունն ամենամյա ավանդույթ է դարձել 1981թ-ից, երբ ստեղծվել է վանեցիներին համախմբող միությունը: Միջոցառման այս տարվա խորհուրդը միասնականությունն ու միահամուռ ուժերը վեկանգնելն է. «միասնությունը հաղթել է Վանում կռիվների ժամանակ, նույն միասնությունը կարող է հաղթել նաեւ խաղաղ աշխատանքում»: Միությունն այսօր իր առջեւ խնդիր է դրել ակտիվանցնել կապը հուշակոթողին հարակից գյուղի` Ագարակի հետ, որտեղ հիմնականում վանեցիների ժառանգորդներ են ապրում: Միութենական հարցերից է նաեւ վերականգնել եւ ուժեղացնել կապը «Վասպուրական» հայրենակցականի անդամների միջեւ` պահպանելու այն ամենը, ինչ մնացել է որպես ժառանգություն: Վերջինս արտահայտվում է թե մշակույթի, արհեստի ու արվեստի, թե ավանդույթների պահպանման ձեւով: Դաշտահանդեսի շրջանակներում Երեւանից մինչեւ հուշակոթող անցկացվեց ռետրո մեքենաների շքերթ: Միջոցառման հանգրվանում ելույթներ ունեցան «Սարդարապատ», «Վասպուրական» եւ Թ.Ալթունյանի անվան անսամբլները: Բեմադրությամբ հանդես եկավ նաեւ Հայաստանի շրջիկ թատրոնը: Ազատագրական թեմաներով երգեր հնչեցրեց հին երեւանաբնակների կանանց երգչախումբը: Առանձին մասով ներկայացված էր նաեւ Արեւմտյան Հայաստանի արվեստը ներկայացնող բաժինը` սփռոցների, կենաց ծառերի, տիկնիկների, զանազան հուշանվերների եւ ձեռագործ այլ աշխատանքների տեսքով, որոնք պատրաստված էին պատմական հայրենիքի տարբեր շրջանների` Տրապիզոնի, Ուրֆայի, Մարաշի, Նոր Ջուղայի մշակույթին հատուկ մոտիվներով:

Առանձնահատուկ էր հատկապես Վասպուրական նահանգը ներկայացնող սփռոցների ցուցադրությունը: Դրանց հեղինակ Վարդիշաղ Կարապետյանը նշեց, որ վանեցիներն իրենց ձեռագործ աշխատանքներում շատ են գործածել եկեղեցական թեմաները` արտահայտված վառ գույներով: Ներկայացված գործերից մեկը «Աղջկա վանք» եկեղեցու ավետարանից վերցրված մոտիվներով «Ադամի դրախտ» կոչվող ասեղնագործ աշխատանքն էր, որը պատրաստելու համար հեղինակից երեք ամիս է պահանջվել: «Վասպուրական միության ղեկավարի խոսքով, 95-ամյակի կապակցությամբ հանրապետությունում ընթացող ծրագրի հաջորդ նախաձեռնությունը Համազգային թատրոնում «Շխոնց Միհրան» ներկայացումն է` նվիրված Վանի հերոսամարտին:

Ընթացքի մեջ են Վանին նվիրված տեղեկատվական պատկերազարդ գրքի եւ հանրագիտարանի հրատարակման աշխատանքները: «Ցանկանում ենք նկարահանել նաեւ Վանի մասին պատմող ֆիլմ` միության անդամների ֆինանսական աջակցությամբ, որը հպարտություն կլինի ոչ միայն մեր` վասպուրականցիների հետնորդների, այլեւ` ամբողջ հայ ազգի համար»,- ավելացրեց Գ.Բաղդասարյանը: Հեռահար ծրագրերի իրականացման հարցում «Վասպուրականը» համագործակցում է Արմենական ՀՌԱԿ-ի եւ այլ կուսկաացությունների հետ: Նշենք, որ Վանի հերոսամարտին նվիրված այս տարվա միջոցառումները սկսվել են ապրիլին. Երեւանի Ժողովրդական արվեստի թանգարանում անցկացվել է «Վանը կորցրել ենք, սակայն Վանի մշակույթը չենք կորցրել» խորագրով միջոցառում, որում ներկայացվել է Վանի մշակույթը, նաեւ փաստագրական ֆիլմ: Մայիսի 22-ին Երեւանի Վասպուրական պուրակում` Նորքի 2-րդ զանգվածում` Գայի հուշարձանի հարեւանությամբ, անցկացվել է ծառատունկ, իսկ նույն օրն ավելի ուշ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են կուսակցությունների ներկայացուցիչներ, վանեցիների ժառանգներ:

«Վասպուրական» հայրենակցական միությունը ստեղծվել եւ պաշտոնապես գրանցվել է 1981 թ-ին ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի նախագահությամբ: Վանի հերոսամարտը առանձնանում է նրանով, որ հաղթանակով է պսակվել եւ արդյունքում մոտ 200 հազար մարդ է փրկվել թուրքական կոտորածից: Այն ընթացել է Վանի երկու հայաբնակ թաղամասում` Այգեստանում ու Քաղաքամեջում, ապրիլի 7-ից մայիսի 3-ը: Այգեստանի 20 հազար հայությունն ինքնապաշտպանությունը գլխավորելու համար ստեղծել է զինվորական մարմին` տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, Արմենակ Եկարյանի գլխավորությամբ: Ստեղծվել են նաեւ այլ կառույցներ: «Արծիվ Վասպուրականի» հուշակոթողի հեղինակը ճարտարապետ Ջիմ Թորոսյանն է: Դեռեւս 1980-ական թթ-ին ֆրանսիահայ եւ ամերիկահայ բարերարների նախաձեռնությամբ իրականացված հուշակոթողի կառուցումը հնարավորություն է տալիս ամեն տարի համախմբելու հայկական կոտորածներից մազապուրծ եղած վանեցիների տարեց եւ երիտասարդ ժառանգներին: Հուշակոթողի տեղը եւս իր խորհուրդն ունի. այն ընտրվել է տարածաշրջանում ապրող հիմնականում արմատներով վասպուրականցիներին մոտ լինելու համար, իսկ միաթեւ հուշակոթողն այնպիսին է, որ հեռվից նայելիս թվում է, թե արծիվի այդ թեւն իր հովանու տակ է առել դիմահայաց Արարատ լեռը:

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել