Փաստ մեկնաբանությամբ

Արամ Աթեշյանը պահանջել է տեղադրել Վանի Աղթամար կղզու Սրբ Խաչ եկեղեցու խաչը

3 րոպեի ընթերցում

Արամ Աթեշյանը պահանջել է տեղադրել Վանի Աղթամար կղզու Սրբ Խաչ եկեղեցու խաչը

ՍՏԱՄԲՈՒԼ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ Արամ Աթեշյանը հայտարարել է, որ Աղթամար կղզու Սրբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ ծիսակատարություն թույլատրելու մասին, այն էլ` որոշակի սահմանափակումներով, ինչպես բազմիցս հայտարարել են Թուրքիայի կառավարության իրավասուները, ինքը որեւէ պաշտոնական գրություն չի ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Ա.Աթեշյանն անընդունելի է համարել Սրբ Խաչ եկեղեցում ծիսակատարության տեւողության կամ մասնակիցների թվի հետ կապված որեւէ սահմանափակում: «Եթե նման սահմանափակում լինի, այնտեղ եկեղեցական որեւէ արարողություն չի անցկացվի», -ասել է նա: «Սրբ Խաչ եկեղեցին աշխարհի հայերի համար վերին աստիճանի կարեւոր սրբավայր է:

Ծիսակատարությանը մասնակցելու համար աշխարհից հազարավոր մարդիկ պետք է գան: Ի՞նչպես կարող ենք այդ մարդկանց ասել, թե թույլատրված նորմը լրացել է, չեն կարող կղզի գնալ: Կամ` եկեղեցում ժամերգություն կատարելու ժամանակ մարդկանց ասել, թե հատկացված ժամանակն ավարտվել է, վերջ դրեք աղոթքին: Սեպտեմբերի 12-ի համար Վանում արդեն հյուրանոցներում տեղ չկա: Այդ մարդիկ Վան են ժամանում ոչ թե տուրիստական շրջագայության, այլ՝ ժամերգությանը մասնակցելու համար: Մենք ցանկանում ենք Սրբ Խաչի սրբազան օրը՝ սեպտեմբերի 12-ը, տոնել ժողովրդական խմբերի եւ երգչախմբերի հետ միասին:

Այնտեղ Երեւանի, Երուսաղեմի եւ Բեյրութի գլխավորությամբ ներկայացուցիչներ պետք է հրավիրենք աշխարհի տարբեր կողմերից: Իսկ եկեղեցու գմբեթին տեղադրվելիք խաչը դեռեւս սպասում է թանգարանում», -ասել է նա: Ա.Աթեշյանը Թուրքիայի իշխանություններից պահանջել է թույլ տալ եկեղեցու վրա գրել նրա «Սրբ Խաչ» անունը եւ եկեղեցու գմբեթին տեղադրել թուրքահայության պատրիարք Մեսրոբ Բ-ի նվիրաբերած խաչը: «Դա մեր ամենաբնական իրավունքն է: Պատրիարքի ուղարկած խաչը սպասում է թանգարանում: Եկեղեցին, անուն ունենալով հանդերձ, Աղթամարի եկեղեցի են կոչում: Մենք պահանջում ենք, որ եկեղեցու վրա գրվի իսկական անունը եւ գմբեթին տեղադրվի խաչը», -հայտարարել է Ա.Աթեշյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում