ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մինսկում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 28-ին կմեկնի Մինսկ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը կբացվի պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ: Այնուհետեւ կկայանա լիագումար նիստը, որին կազմակերպության անդամ երկրների նախագահների հետ միասին կմասնակցեն արտաքին գործերի նախարարները: Քննարկման գլխավոր հարցը կդառնա ԱՊՀ արդյունավետության բարձրացման եւ նրա զարգացման հեռանկարների մասին զեկույցը: Մտքերի փոխանակություն կծավալվի նաեւ հումանիտար ու տնտեսական ոլորտներում համագործակցության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի խնդիրների շուրջ: Նիստի ընթացքում կստորագրվեն մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք կընդլայնեն համագործակցության անդամ պետությունների փոխգործակցության նորմատիվային-իրավական բազան: