Ստամբուլում Բուշ-Ալիեւ հանդիպմանը քննարկվել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 29-ին Ստամբուլում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ: Բանակցություններում, զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման, միջազգային հակաահաբեկչական կոալիցիային համատեղ մասնակցության, տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացման հարցերը: ԱՄՆ-ի նախագահը գոհունակություն է հայտնել Ադրբեջանում ընթացող գործընթացների եւ տնտեսական բարեփոխումների առնչությամբ: Կարծիքներ են փոխանակվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շինարարության ընթացքի շուրջ: Ջորջ Բուշն ընդգծել է այդ նավթամուղի հատուկ նշանակությունը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Քննարկվել են նաեւ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ կապերի զարգացման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: Երեքշաբթի օրը Իլհամ Ալիեւը հանդիպումներ է անցկացրել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի եւ üրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների եւ միջազգային բնույթի հարցեր:

Հայերեն