ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նշելով, որ Հայաստանի կյանքում բավականին պատասխանատու ժամանակահատված է, հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել պատասխանել դիվանագետներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց տեսակետներն ու նկատառումները: Ռոբերտ Քոչարյանը Եվրամիության հետ մեր երկրի համագործակցությունը գնահատել է դրական եւ ասել, որ հարաբերություններն ու շփումները ձեռք են բերել շատ ավելի համակարգված բնույթ: Նա չափազանց արդյունավետ է համարել Բրյուսել կատարած իր վերջին այցը, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության կոնկրետ ծրագրեր: Ըստ Ռոբերտ Քոչարյանի` կառավարությունը տրամադրված է վճռական եւ կփորձի անել հնարավոր ամեն ինչ, որ նախընտրական գործընթացը որեւէ կերպ չվնասի գործնական աշխատանքին: «Բարեփոխումները շարունակվում են եւ շարունակվելու ենե,- շեշտել է նա: Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին` երկրի ղեկավարը եւս մեկ անգամ շեշտել է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու իշխանությունների քաղաքական կամքը: Նրա խոսքով, պետական կառույցները կազմակերպական առումով օրենքից բխող ժամանակացույցին համապատասխան արել են իրենցից կախված հնարավոր ամեն ինչ: Այնուհետեւ ՀՀ նախագահը պարզաբանումներ է տվել դիվանագետներին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ, որոնք հիմնականում առնչվել են նախընտրական գործընթացին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ զարգացումներին: